Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահացել է Առաջին նախագահի եղբայրը

Հասարակություն
8061f032d280aae9f

73 տարեկան հասակում կյանքից հեռացել է Առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբայր` Պետրոս Տեր-Պետրոսյանը: Ճարտարապետ Պետրոս Տեր-Պետրոսյանը իր զգալի նպաստն է բերել համաժողովրդական շարժմանը, ինչպես 1988-1991թթ., այնպես էլ 2008 թվականից մինչ օրս: Պետրոս Հակոբի Տեր-Պետրոսյան ծնվել է 1941թ. փետրվարի 16-ին Սիրիայի Հալեպ քաղաքում: 1946 թվականին ընտանիքի հետ ներգաղթել է Հայաստան: Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի ինժեներական ակադեմիայի թղթակից անդամ, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի շինարարական իրերի և կոնստրուկցիաների արտադրության ամբիոնի վարիչ, գիտական ուղղությունը` բետոնի և երկաթբետոնի արտադրությունում հրաբխային ապարների կիրառումը: Հանրապետության խոշորապանելային տնաշինության հիմնադիրներից է (1963թ.), ԱՊՀ շինարարական բուհերի ընկերակցության պատվավոր պրոֆեսոր (2002թ.): Շուրջ 75 գիտական հրատարակությունների, այդ թվում` 7 գրքերի, 6 գյուտերի հեղինակ է: Մասնակցել է Չեռնոբիլի ատոմակայանի աշխատակիցների համար կառուցվող Սլավուտիչ քաղաքի շինարարական աշխատանքներին, որի համար պարգևատրվել է Ուկրաինայի «Ծառայության համար» շքանշանով (1997թ.):   Պետրոս Տեր-Պետրոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր Նոր Նորքի Սբ. Սարգիս եկեղեցում, ժամը` 18.00-20.00-ը: Հուղարկավորությունը` օգոստոսի 6-ին, ժամը 13.30-ին` նույն վայրից: