Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վրաց եկեղեցին՝ ընդդեմ «ԿաZանտիպ» փառատոնի

Հասարակություն
kazan

Վրացական ուղղափառ եկեղեցին վերջերս հանդես է եկել հայտարարությամբ՝ ընդդեմ վրացական Անակլիայում օգոստոսի 20-30-ը կազմակերպվող «ԿաZանտիպ» փառատոնի։ 1992-ից սկսած՝ այս փառատոնն անցկացվում է Ղրիմում։ Այս տարի հայտնի պատճառներով այն Ղրիմում չի կայանա, այլ՝ զբոսաշրջային նոր կենտրոն Անակլիայում։ Այստեղ եղած 3 հիմնական հյուրանոցներն արդեն իսկ լեփ-լեցուն են։ Միայն անվտանգության աշխատակիցների թիվը հասնում է 1000-ի, իսկ DJ-ների թիվը՝ 500-ի։ Հայաստանում «ԿաZանտիպի» պաշտոնական ներկայացուցիչը «Արտէնդշոու» ընկերությունն է։ Վրացական եկեղեցու հայտարարությունից այստեղ տեղյակ չեն։ Մեզ հետ զրույցում ընկերության նախագահ Ալեքսանդր Գրիգորյանը նշեց, որ պայմանավորվածությունն ուժի մեջ է, եւ ընկերությունը շարունակում է վաճառել «ԿաZանտիպի» մուտքի արտոնագրեր։ Դրանց գինն այս պահին 203 դոլար է։ Իսկ թե քանի հոգի է Հայաստանից ցանկություն հայտնել մեկնել այս փառատոնին, Ալեքսանդր Գրիգորյանը չպատասխանեց՝ նշելով, որ դա գաղտնիք է։ Ինչ վերաբերում է վրաց եկեղեցու հայտարարությանը, ապա այն շատ խիստ է, եւ նշվում է, թե «ԿաZանտիպը» կարող է ծանրագույն հետեւանքներ թողնել երկրի եւ յուրաքանչյուր անձի վրա. «Մեղքը եղել է բոլոր ժամանակներում, մինչդեռ այսօր տեղի է ունենում ոչ միայն դրա օրինականացում, այլեւ հավատքի, ազգային արժեքների ոչնչացում»; Միայն որոշ կանոնակարգային փոփոխություններից հետո կթույլատրվի փառատոնն անցկացնել Վրաստանի տարածքում։ Մասնավորապես կազմակերպիչները խոստացել են, որ ազատ սեքս եւ թմրամիջոց այս փառատոնին հաստատ չի լինի, միայն՝ լավ տրամադրություն եւ սեր։ Այս պահին դեռեւս հարաբերական անդորր է, եւ եկեղեցու կողմից խիստ ընդվզում չկա, թե իրականում ինչ կկատարվի «Z» կոչվող հանրապետությունում՝ կերեւա օգոստոսի 20-30-ին։ Ալեքսանդր Գրիգորյանը նշում է, որ Թբիլիսիի ոստիկանությունը հսկելու է փառատոնի ողջ ընթացքը, ուր ժամանելու են տասնյակ հազարավոր երիտասարդներ աշխարհի տարբեր երկրներից։ Ի դեպ, Վրաստանի եւ Ուկրաինայի իգական սեռի քաղաքացիների համար մուտքն անվճար է։