Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրանտ Բագրատյան. «Հայաստանին պետք չէ, որ Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
4ea6264742cfd63a1a0d8331fb1ab331

Մեր իշխանությունները չգիտեն, թե Թուրքիայի կողմից ցեղասպանությունը ճանաչելուց հետո ո՞րն է իրենց հաջորդ քայլը: «Շատ-շատերը Արեւմուտքում սփյուռքահայության մեջ, չեմ ասում առողջ մտածողները, բայց ոչ առողջ մտածողները, ասում են՝ ո՞նց կլինի, գենոցիդի պրոբլեմը մեզ թույլ է տալիս կոնսոլիդացված մնալ, հայ մնալ։ Ստացվում է մի պարադոքս՝ որպեսզի մեր հայրենակիցները Արեւմուտքում հայ մնան, մեզ պերմանենտ գենոցիդ է պետք»,-ասաց ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը։ Ըստ Բագրատյանի, Հայաստանին անհրաժեշտ է ցեղասպանության ճանաչման օրակարգ՝ նվազագույն խնդիրն է, որ Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը «Կամ մեր խնդիրն է, որ ճանաչի, դրանից հետո մեզ փող տա, փոխհատուցի, սա կլինի օրակարգ երկրորդ, կամ էլ, որ ճանաչի, հատուցում տա, հողերն էլ մեզ տա։ Սա կլինի օրակարգ երրորդ։ Եթե օրակարգ երրորդը դնենք խնդրի, Հայաստանը վերանում է»,- հայտնեց նա։ Թուրքիայի հետ պահանջատիրության լեզվով խոսելու համար, ըստ Հրանտ Բագրատյանի, Հայաստանին աջակից է պետք։ Իսկ մենք որպես կանոն նման դեպքերում դիմում ենք Ռուսաստանին։ Բայց Ռուսաստանը հիմար չէ, հենց այնպես չի կարող մեզ օժանդակել մեր խնդիրների լուծման համար. «Վերջին հաշվով ի՞նչ տարբերություն ռուսների համար, թե ում է պատկանում Վանա լիճը: Վանը մերը չի դառնալու։ Ավելի լավ է, էս 37 հազար քառակուսի կիլոմետրը երկիր սարքենք»։ «Ռուսաստանը մեզ մարդկայնորեն հասկացողը չէ»,-ասում է Հայաստանի նախկին վարչապետը։ Նրան ծիծաղելի է թվում հայերի դժգոհությունը, երբ ռուսները զենք են վաճառում ադրբեջանցիներին, ինչպես ժամանակին Լենինը զենք վաճառեց Աթաթուրքին։ Հենց այս պատճառով է մեզ պետք ճշտել Թուրքիայի հետ հարաբերությունների օրակարգը։ «Հայաստանի պետությունը չի ուզում ճշտի, Հայաստանի պետությունն ուզում է գենոցիդի հարյուրամյակին անընդհատ հանձնաժողովի նիստեր անելով իր կարեւորությունը ճշտի»,- ասաց նա։։ Մեր օրակարգի մասին Հրանտ Բագրատյանին հարցնում են նույնիսկ թուրք մտավորականները։ Դա, ըստ տնտեսագետի, չի նշանակում, որ վաղը թուրքերը ցեղասպանությունը կընդունեն կամ նոր ցեղասպանություն չեն անի։ Բայց օրակարգ պետք է . «Եվ եթե մեր օրակարգը էդ հողերը վերցնելն է, ինչու՞ ենք դժգոհում, որ Ռուսաստանը ամբողջությամբ մեզ վերցնում է իրեն…Եթե մենք ուզում ենք թուրքական հող վերցնել, վերցնողը մենք չպիտի լինենք, այլ՝ ռուսները, որն, ի դեպ, երբեք դա չեն անի։ Եթե իրենք պիտի վերցնեն, իրենք պիտի վերցնեն իրենց համար, այլ ոչ թե Հայաստանի»։ Ի դեպ, այս իմաստով, Հրանտ Բագրատյանին զվարճացնում է Հայաստանի նորաստեղծ կուսակցություններից մեկը, որը թուրքերից հողեր է պահանջում եւ, միաժամանակ, ուզում է Հայաստանը տանել Եվրոպա «Մի՞թե 3-4 հազար տարվա պատմությունը մեզ խելք չի սովորացրել։ Ուրեմն, եթե նախ... Ի՞նչ ենք ուզում։ Եթե ուզում ենք էս պետությունը լինի, անկախ լինի, ուրեմն անպայման պիտի հարեւանների հետ հարաբերությունները կարգավորենք։ Չենք ուզում անկախություն, ուզու՞մ ենք Ռուսաստանի Դաշնություն կամ Եվրոպա, որպեսզի դրանցից մեկնումեկը մեզ որպես խառնակիչ ռեգիոնում պահի, դա ուրիշ հարց է»,- ասաց նա։ Հրանտ Բագրատյանը գլխի է ընկել՝ Հայաստանին պետք չէ, որ Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը, որովհետեւ դրանից անմիջապես հետո փոխհատուցման եւ հողերը վերադարձնելու խնդիր է դնում։