Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավելացել են սառը զենք կրելու դեպքերը (տեսանյութ)

Հասարակություն
Anushik

«Անչափահասների կողմից կատարած հանցագործությունների թիվը նվազել է»,-տեղեկացնում է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը։ «Անցած տարի նույն ժամանակահատվածում անչափահասների կողմից կատարվել է 212 հանցագործություն, այս տարի՝ 180։ Նվազել է նաև անչափահաս հանցագործների թիվը. եթե անցած տարի 180 անձ էր, այս տարի՝ 160։ Նվազել են նաև թմրամիջոց օգտագործելու,գողության, խուլիգանության, մարմնական վնասվածք հասցնելու դեպքերը դպրոցներում ու դրանց հարակից տարածքներում»։ Նրա կարծիքով` նման վիճակագրությունը ոստիկանության տեսուչների աշխատանքի արդյունքն է. «Սա պայմանավորված է այն փաստով, որ դպրոցներում ոստիկան տեսուչներ են աշխատում, միաժամանակ ոստիկանները մշտապես դպրոցներում ու հարակից տարածքներում ստուգումներ են կատարում»,-նշեց նա։ Ոստիկանության գնդապետը համաձայն չէ այն կարծիքի հետ, որ անչափահասները հանցագործություն են կատարում սոցիալական վիճակից ելնելով. «Հավատացեք, սոցիալական պատճառները շատ եզակի դեպքերում են դառնում երեխաների հանցագործության պատճառ։ Այստեղ մեծ դեր ունի ծնողների դաստիարակությունը և ինչքանով կարող են ծնողները լավ օրինակ լինել»։ Տիկին Դուրյանը նաև տեղեկացրեց, որ վերջին շրջանում ավելացել են սառը զենք կրելու դեպքերը. «Ընդհանրապես անչափահասների հանցագործությունների մեջ առաջին տեղում գողություններն են և մարմնական վնասվածքները։ Անօրինական զենք կրելու դեպքերը երեքից դարձել են յոթը, բայց պետք է նկատեմ, որ մենք անչափահաս կրկնահանցագործներ չունենք»։