Ոչ իշխանական քառյակը շուտով ցույց կտա` ունի՞ հասարակական աջակցություն (տեսանյութ)
Ոչ իշխանական քառյակը վստահեցնում է` անգամ ամռանը չեն դադարեցրել իրենց պայքարը կոռումպացված իշխանության դեմ, եւ շարունակվում են քայլեր մշակվել ժողովրդին վերադարձնելու հույսը: Իշխանությունները թերահավատորեն են վերաբերվում այս հայտարարություններին: Որեւէ թեժ աշուն ոչ իշխանական քառյակի կողմից չի կարող լինել, քանի որ նրանց հեղինակությունը հասարակության մեջ գնալով նվազում է: Այս համոզմանն է ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը` խոսելով ընդդիմության քայլերի մասին: Իր խոսքերով` պարոն Բադեյանը չի հիշում մի տարի, երբ ընդդիմությունը չխոստանա կամ թեժ աշուն, կամ գարուն. «Անընդհատ այդ սպառնալիքով է հանդես գալիս: Իրականությունը հիմա այնպիսին է, որ ընդդիմությունը չունի հենարան հասարակության մեջ եւ փորձում է արհեստական ակտիվություն ներմուծել: Կապրենք, կտեսնենք»: Ըստ նրա` ընդդիմության դերը մեծ կլինի, երբ նրանք կառուցողական առաջարկություններով փորձեն նպաստել տնտեսական աճին, ժողովրդի կենսամակարդակի բարձրացմանը: Ի հակակշիռ ընդդիմությանը, Մանվել Բադեյանը մատնացույց է անում քաղաքացիական հասարակությանը: ՀՀԿ պատգամավորի կարծիքով` այս դեպքում քաղաքացիական հասարակությունը երբեմն ուռճացնում է իր բարձրացրած խնդիրները. «էլեկտրաէներգիայի գների թանկացումը մի մեծ բան չէ, շոշափելի, մեծ թիվ չէ, իհարկե, ինչքան էլ ուզում են բարձր գոչել քաղաքական օպոնենտները, այնուամենայնիվ, հաճելի բան մեջը քիչ կա»: «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հանգիստ է վերաբերվում իրենց նկատմամբ իշխանությունների նման գնահատականներին: Ըստ նրա` ոչ իշխանական քառյակը շուտով ցույց կտա` ունի՞ հասարակական աջակցություն, թե ոչ: Պարոն Մարտիրոսյանը չի կարծում, որ ընդդիմությունը պասիվացել է հիմա. «Ոչ մարտավարական ինչ-որ հատուկ նպատակով դադար է վերցված, քանի որ մենք նորից գրեթե նույն ակտիվությամբ գործընթացների մեջ ենք: Կարող է դա հրապարակային հանրահավաք չէ, բայց դա չի նշանակում, որ քաղաքական գործընթացները դադարել են»: Արմեն Մարտիրոսյանը համոզմամբ` եթե մեր ժողովուրդը սիրեր իշխանություններին, ապա արտագաղթն այդքան մեծ ծավալների չէր հասնի. «Այն, որ ժողովուրդը իրենց հետ չէ, դա միանշանակ է, որովհետեւ իրենց հետ են, ասենք, կեղծված քվեաթերթիկները, այստեղից բացակայած քաղաքացիների «քվեարկությունները», գողացված ձայները, դա հաստատ իրենց հետ է»: ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի կարծիքով` իշխանությունների դեմ պայքարի համար խիստ անհրաժեշտ է, որ քաղաքացիական հասարակությունն ու քառյակը միավորվեն. «Ամենահզոր քաղաքական ուժը մենակ նման իշխանության հետ պայքարի մեջ կպարտվի: Իսկ մեր խնդիրը հաղթանակն է»: Տիկին Սարգսյանն իշխանություններին հիշեցնում է` ոչ իշխանական քառյակը մինչեւ աշուն ժամանակ է տվել իշխանություններին` կատարելու ներկայացված 12 պահանջը. «Եթե կկարողանան գոհացնել ժողովրդին, վերանայել իրենց մոտեցումները, միգուցե կկարողանան ինչ-որ տեղ նաեւ իշխել երկրին։ Եթե ոչ, եթե մենք էլ չհանդուրժենք, կարծում եմ այդ իշխելու հնարավորությունից նրանք շատ մոտ ապագայում կզրկվեն»: