Ո՞վ շահեց Մարտի 1-ից՝ իշխանությունը, թե ընդդիմությունը (տեսանյութ)
Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը երեկ Գյումրիում առաջին անգամ խոսել է Մարտի 1-ից. «Մեզ նույնպես չհաջողվեց պետական զարգացումները տանել այն ճանապարհով, որ հայը հայի արյուն չթափի՝ տեղի ունեցավ Մարտի 1-ը»։ Պարոն Հարությունյանը Մարտի 1-ը համարել է սոցիալական որոշակի կուտակված բախումների դրսեւորում։ Անմիջապես հետո սահմանադրագետն անդրադարձել է Հոկտեմբերի 27-ին, որով էլ բնորոշել է Մարտի 1-ը. «Բայց մենք չպետք է մոռանանք 99 թվականի հոկտեմբերի 27-ը՝ որը դարձյալ ահաբեկչական ակտ էր, բայց կուտակված սոցիալական որոշակի խտացումների դրսեւորում»։ Դասախոսությունից հետո պարոն Հարությունյանը «Ա1+»-ի հետ զրույցում չհամաձայնվեց, որ Հոկտեմբերի 27-ը դարձյալ ահաբեկչական ակտ որակելով՝ Մարտի 1-ն էլ էր համարում այդպիսին. «Ահաբեկչություն բառը ես կապեցի հոկտեմբերի 27-ի հետ, տեղերը չշփոթեք»։ Դուք ասացիք «դարձյալ ահաբեկչական ակտ՝ հարցին նա պատասխանեց. «Ես նկատի ունեի հոկտեմբերի 27-ը»։ Պարոն Հարությունյանը լավ գիտի, թե ինչպես կընկալվի իր յուրաքանչյուր բառը, ինքը կյանքի մեծ փորձ ունի, չէր ուզենա մարտի 1-ի մասին ավելի բաց խոսել. «Եկեք թողնենք էն կոնտեքստում, որը ես ասել եմ»։ Այնուամենայնիվ, Սահմանադրական դատարանի նախագահը զգուշացնում է՝ պետք չէ Հայաստանը առանձնացնել այն երկրներից, որտեղ գունավոր հեղափոխությունների արդյունքում միայն հրաժարվեցին կիսանախագահական կառավարման համակարգից. «Նու գունավոր հեղափոխություն շատ ավելի լայն դրսեւորումներով, ավելի մեծ թվով զոհերով»։ Պետք է դաս քաղել նրանից, որ սոցիալական հակասությունները մեր երկրում հասել են այն մակարդակին, որ հայը հայի արյուն է թափում։ Գագիկ Հարությունյանն ակնարկում է, որ կարող էր ավելի վատ վերջանալ։ Ի դեպ, նա հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե իրականում ո՞վ շահեց մարտի 1-ից՝ իշխանությունը, թե ընդդիմությունը. «Դա, դա առիթ կունենանք»։