Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեսպանն անարժանահավատ համարեց Սեյրան Օհանյանի հայտարարությունը (տեսանյութ)

Քաղաքականություն
Anushik-Despan

«Իրանում ապրող ադրբեջանցիները Հայաստանի համար վտանգ չեն ներկայացնում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց Հայաստանում Իրանի Իսլամական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ռեյիսին։ Դեսպանը հիշեցրեց, որ Իրանը դեմ է տարածաշրջանում որևէ բռնության և հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսումը համարեց ոչ հավանական. «Եթե կան բանակցություններ, ինչու դիմել զենքին։ Ես չեմ կարծում, թե պատերազմ սկսվի։ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կարգավորում է Մինսկի խումբը, իսկ նրանք դեմ են ռազմական ճանապարհով խնդիրները լուծելուն»։ Դեսպանը խուսափեց մեկնաբանել վերջին շրջանում տարածված այն խոսակցությունները, թե Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանում ռուս խաղաղապահ զորքեր կտեղակայվեն. «Դա կախված է Հայաստանի, Ադրբեջանի և Մինսկի որոշումից։ Ամեն դեպքում պետք է նշեմ, որ մենք դեմ ենք օտար ուժերի տեղակայմանը: Ես համոզված եմ, որ օտար ուժերի տեղակայումը կվտանգի տարածաշրջանը: Դրա վառ օրինակ է Իրաքը և Աֆղանստանը»։ Ինչ վերաբերում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այն հայտարարությանը, թե Հայաստան- Նախիջևան-Իրան սահմանային գոտում թուրքական ստորաբաժանում կա, Իրանի դեսպանը զարմացավ. «Ես վստահ չեմ,որ նման բան կա։ Առաջին անգամն եմ լսում սրա մասին, բայց մենք վստահ ենք, որ Հայաստան-Նախիջևան-Իրան սահմանային հատվածում որևէ իրադարձություն տեղի չի ունենա»,-վստահեցրեց նա։