Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոտայքի մարզի պաշտոնյաները տեղյակ չեն բնակչության վիճակից (տեսանյութ)

Հասարակություն
արամ

Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը պաշտոնը ստանձնելուց երկու ամիս հետո դեռ չգիտի, թե քանի տոկոսն է արտագաղթել մարզից եւ ինչքան է մարզի աղքատության ցուցանիշը. «Ինչ վերաբերում է արտագաղթի եւ աղքատության ցուցանիշներին, ապա ես ձեզ կխնդրեմ, որպեսզի անհրաժեշտության դեպքում ձեզ ստույգ տվյալներ ներկայացնեմ։ Այս պահի դրությամբ իմ ձեռքին նման տվյալներ չկան»։ Մարզի բնակչության լավ կամ վատ ապրելու մասին էլ մարզպետը ոչինչ չի կարող ասել պաշտոնը ստանձնելուց երկու ամիս հետո, համենայնդեպս հարկերը մուծում են 100 տոկոսով. «Լավ ու վատ ապրելու տեսանկյունից ես այս պահին գնահատականներ չեմ տալիս, գնահատականներ տալիս է բնակչությունը»։ Ընդհանրապես, մարզպետը չի կարծում, թե Հայաստանում կյանքը վատացել է, չի կարծում նաեւ, որ մեր ժողովուրդը պայքարող չէ՝ ինքը հիմա բազմաթիվ բնակավայրերում է լինում, մարդիկ նրա առջեւ խնդիրներ են դնում. «Ժողովուրդը կաշկանդված չէ իրեն հուզող հարցերը ներկայացնելու»։ Չարենցավանի քաղաքապետը նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որդին է՝ Հակոբ Շահգալդյանը։ Պաշտոնավարում է արդեն մոտ 6 տարի, բայց ինքն էլ չի կարող ասել, թե ինչքան է արտագաղթի տոկոսը իր քաղաքում. «Ոչ ոք չի կարող ասել այդպիսի թվեր արտագաղթի»։ Ավելին, քաղաքապետը ենթադրում է, որ դեպի իր քաղաք ներգաղթ կա, երեք աշխատող ձեռնարկություն ունեն. «Երեւանից կամ ուրիշ շրջաններից ասենք իրենց բնակարանները ավելի թանկ վաճառում են ու գալիս են Չարենցավան»։ Քաղաքի հաջորդ աշխատող ձեռնարկությունը լինելու է հենց քաղաքապետինը, երկու-երեք ամիս հետո. «Նոր արտադրության նոր տեխնոլոգիա ենք ներդնում»։ Նոր մարզպետի հետ իր հարաբերությունների մասին նախկին մարզպետի որդին ոչինչ չի կարող ասել։ Իր բառերով, ժողովուրդը պետք է որոշի, թե ինչպիսին են իր եւ ներկա մարզպետի հարաբերությունները։