Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ոսկե ծիրանը» զբոսաշրջիկների թվի կտրուկ աճ է խոստանում (տեսանյութ)

Հասարակություն
5184

«Ոսկե ծիրանը» նպաստում է Երեւանը տարածաշրջանային մշակութային կենտրոն դարձնելու պետականորեն մշակված ծրագրին: Այս մասին այսօր ուրախությամբ հայտարարեց Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Բացի այդ՝ «Ոսկե ծիրանի» օրերին զբոսաշրջիկների թվի կտրուկ աճ է նկատվում, սա նույնպես նպաստում է այդ գործընթացին,- հավելեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը։ Նա հիշեցրեց, որ Երեւան եկած հյուրերը հիացած են գնում մեր քաղաքից: Իսկ այդ ամենի ապացույցը նրանց ֆեյսբուքյան էջերին գրված տպավորություններն են քաղաքի մասին: Արամ Սուքիասյանը նշեց, որ հուլիսի 13-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ծիրանօրհնեքի արարողությամբ կկայանա փառատոնի հանդիսավոր բացումը, որը ոչ միայն մեծ իրադարձություն է, այլեւ Երեւան քաղաքի տոնը: Իսկ Հարություն Խաչատրյանը տեղեկացրեց, որ բացի հիմնական փառատոնից, մյուս տարի կլինեն նաեւ նոր ծրագրեր։ Քաղաքի տարբեր անկյուններում կլինեն էկրաններ, որ ոչ մի քաղաքացի անմասն չմնա «Ոսկե ծիրանից». «Կարծես միայն կենտրոնացել ենք «Մոսկվա» կինոթատրոնի վրա, ու քաղաքի արվարձաններում ապրողները չեն կարողանում մասնակից լինել մեր տոնին, պետք է այդ խնդիրը առաջիկայում լուծվի»,- ասաց պարոն Խաչատրյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ մի նոր փառատոն են որոշել հիմնադրել Երեւանի քաղաքապետարանի հետ՝ էթնոգրաֆիկ ֆիլմերի փառատոն, որ կլինի կամ առանձին փառատոն, կամ «Ոսկե ծիրանի» մասնաճյուղը: ciran