Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ է պետք Ռուսաստանին Հայաստանից

Կարևոր լուրեր Քաղաքականություն
43

Հայաստանի հարցում Ռուսաստանը լուծել է և լուծում է երկու խնդիր` կարծում է քաղաքական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը։ Այդ խնդիրներն են. «Առաջին՝ Հայաստանն առանց հայերի և երկրորդ՝ սեփական դեմոգրաֆիական փոսը լցնել միգրանտների հաշվին, հնարավորության սահմաններում աշխատասեր միգրանտների, որոնք հայերն են։ Նրանք բոլորը ՌԴ են գնում աշխատելու համար, նրանց մեջ թրև եկող մարդիկ շատ քիչ կան»,- «Ա1+»-ին ասաց փորձագետը։ Պարոն Մեհրաբյանի կարծիքով՝ այս խնդրի խորացմանը նպաստում է մեր իշխանությունը. «Ցավոք սրտի, այս ամենը ՌԴ-ն անում է իշխանության լիակատար թողտվությամբ, որովհետև իշխանությանը նույնպես ձեռնտու է, որ այստեղ ինչքան քիչ մարդ մնա, այնքան ընդվզման պոտենցիալը կնվազի»,- ասաց քաղաքական փորձագետը՝ հավելելով, որ սրանով իշխանությունը նաև մեկ այլ խնդիր է լուծում. «Մարդիկ, ովքեր սոցիալական բեռի տակ են, պահանջում են ոչ թե իշխանությունից, այլ պարզապես արտագաղթում են։ Այս թողտվությունը հանցավոր է, եթե մենք ունենանք լեգիտիմ իշխանություն, այս արատավոր երևույթը կվերանա»։ Հիշեցնենք, որ կառավարությունը հուլիսի 3-ի նիստում հավանության արժանացրեց Միգրացիոն ծառայության առաջարկած երկու փաստաթղթերը, ըստ որոնց՝ Հայաստանում և Ռուսաստանում հեշտացվելու է երկու երկրների քաղաքացիների գտնվելու կարգը: Առաջին համաձայնագրով նախատեսվում է, որ Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանում կարող են գտնվել 30 օր՝ առանց որևէ տեղ գրանցվելու և հաշվառվելու: Երկրորդ փաստաթուղթն արդեն գոյություն ունեցող համաձայնագրում փոփոխություն կատարելու մասին է, որի համաձայն, Հայաստանի քաղաքացիները կարող են առանց աշխատանքի հատուկ թույլտվության, մեկ տարի շարունակ աշխատել Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ ընդամենը աշխատանքային պայմանագիր կնքելով տեղի գործատուի հետ: