Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրեշները հարձակվում են Արթուր Բաղդասարյանի երազների վրա (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
fd9d0352feeb452c78a48458a10b472d-472x265

Կոալիցիայից դուրս գալուց երեք ամիս հետո Օրինաց երկրի ղեկավար Արթուր Բաղդասարյանը ներողություն է խնդրում հայ ժողովրդից, բայց՝ ոչ մարտի 1-ի, ոչ էլ Հանրապետականի հետ կոալիցիա կազմելու համար. «Մենք կամ ես էն մարդկանցից ենք ներողություն խնդրում, ովքեր մեզ ճիշտ չեն հասկացել»։ Պարոն Բաղդասարյանն իրենն է պնդում՝ ՕԵԿ-ը ոչ մի կապ չունի թափված արյան հետ, իսկ ՕԵԿ ղեկավարն էլ ընդամենը երրորդ տեղը գրաված նախագահի թեկնածու էր. «Մարտի 1-ից ով որ խոսում ա, դրա հրապարակային պատասխանատուն եւ փաստացի պատասխանատուն, դա երկու դերակատար են, չեմ ուզում խորանալ, իշխանությունը եւ էն մյուս կողմը»։ Մարտի 1-ի ոճրագործությունից առաջ Արթուր Բաղդասարյանը շատ վատ է քնել, եւ իշխանությունը եւ ընդդիմությունը հարձակվում էին նրա վրա, սակայն այդ մասին, ըստ նրա, ավելի լավ ասել է բանաստեղծը. «Էն Հովեյան Հովիկը գիտես, չէ՞, ինչ էր ասում, ասում էր՝ գիշերները, բան, ոնց էր ասում, գիշերները հարձակվում են երազներիս վրա, հրեշները հարձակվում են երազներիս վրա»։ Այսօր ՕԵԿ-ն ընդդիմադիր կուսակցություն է եւ համաձայն չէ Հանրապետական իշխանության գրեթե ոչ մի քայլի հետ։ Սերժ Սարգսյանի հրաժարականն, այնուամենայնիվ, չի պահանջի, միեւնույն է, հեռացող է. «Ընդամենը 2,5 տարի հետո Հայաստանում ուզենք թե չուզենք, եթե ոչ ավելի շուտ մեկնարկելու են խորհրդարանական եւ նախագահի ընտրությունները»։ Այսօր պարոն Բաղդասարյանը դժվարանում է ասել՝ ուրա՞խ է, որ երեք տարի հետո Սերժ Սարգսյանն այլեւս չի լինելու Հայաստանի նախագահի պաշտոնում. «Երեք Հայաստանի նախագահներն էլ նրանք շարժման ծնունդ առաջնորդներ են եղել, երեքն էլ դեր են ունեցել մեր երկրի զարգացման մեջ, եւ էդ դերակատարումն այլեւս ավարտվում է»։ Ավելի վճռականությամբ պարոն Բաղդասարյանը չի բացառում խորհրդարանի արտահերթ ընտրությունները, որովհետեւ չի լինում այնպես, որ խորհրդարանում ներկայացված 6 կուսակցությունից 5-ը լինեն ընդդիմադիր եւ միայն մեկը՝ իշխանություն. «Օրենքներն էլ շատ դժվար են անցնում, շատ դժվար են քվեարկվում եւ նաեւ այդպիսի քվեարկությունների լեգիտիմության աստիճանը չափազանց ցածր է»։ Ընդդիմադիր կուսակցության ղեկավարը այսօր պարզաբանեց, թե ինչու է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից հեռանալուց եւ ընդդիմադիր դառնալուց հետո շարունակում մնալ Անվտանգության խորհրդի անդամ։ Բայց ընդդիմադիր լինելն ի՞նչ կապ ունի. «Ես եղել եմ 4 տարի ԱԺ նախագահ, 6 տարի ԱԱԽ քարտուղար, ես ձեռք եմ բերել կապեր հնարավորություններ եւ կապ չունի, թե որ դաշտում եմ գործում»։