Վերնիսաժի գործով՝ երեք մեղադրյալ. Փաստաբանը համաձայն չէ մեղադրանքին
Մայիսի 17-ին Վերնիսաժի կրակոցների գործով տուժող Վալերի Հովհաննիսյանին մեղադրանք առաջադրելը նրա պաշտպան Լեւոն Բաղդասարյանը իրավաչափ չի համարում։ «Նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հատկանիշներով, սակայն մենք այլ կարծիքի ենք։ Նա գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, առողջական վիճակը այդքան էլ լավ չէ»,- «Ա1+»-ին ասաց փաստաբան Լեւոն Բաղդասարյանը։ Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը, վիճաբանության մեջ էր մտել Ներսես Մելքոնյանի եւ Վալերի Հովհաննիսյանի հետ։ Վիճաբանություն էր սկսել, կրակոցների արդյունքում վիրավորվել էր 5 անձ՝ Վալերի Հովհաննիսյանն ու նրա ընկերը՝ Ներսես Մելքոնյանը, նաեւ պատահական անցորդներ։ Այժմ երեքն էլ կալանավորված են։ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան մեղադրվում է սպանության փորձ կատարելու համար, իսկ հրազենային վնասվածքներ ստացած Ներսես Մելքոնյանը եւ Վալերի Հովհաննիսյանը՝ խուլիգանության։ Ի դեպ, «Դատապարտյալների հիվանդանոց»-ում գտնվող իր պաշտպանյալին Լեւոն Բաղդասարյանը դեռ չի տեսակցել, համապատասխան լիազորագիր դեռ չունի։