Մաքսայինին անդամակցելու համար խոչընդոտներ կան (տեսանյութ)
Ես չեմ կարծում, որ Հայաստանը անգամ հունվարի մեկից կանդամակցի Եվրասիական միությանը, քանի որ մինչ այդ ամենայն հավանականությամբ չեն լուծվի բազմաթիվ հարցեր. այսօր այս մասին հայտարարեց «Միջազգային և անվտանգության հարցերի» հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը. «Ես ինքս երբեք չեմ սպասել, որ հայտարարված ժամկետներում Հայաստանի անդամակցությունը տեղի կունենա: Եվրասիական միությանը Հայաստանը պիտի անդամակցեր մայիսին, ինչը այդպես էլ տեղի չունեցավ։ Նախ սկսենք պաշտոնական Երևանից, որը շտապում էր անդամակցել մինչև մարտի 5-ը: Երբ նշված ժամկետում տեղի չունեցավ այդ անդամակցությունը մի տեսակ հիասթափություն առաջացավ»: Ըստ պարոն Սաֆարյանի՝ կա նաև Ղարաբաղյան խնդիրը. «Որքան էլ ֆորմալ այն համարեն, խոչընդոտ կամ սեղանին դրված խնդիր, դրա ամբողջ նպատակը Ռուսաստանի համար Ադրբեջանին հրապուրելն է և Եվրասիական միություն մտնելու հարցում շահագրգռելը»: Ստյոպա Սաֆարյանը անդրադարձավ նաև հունիսի 17 -ին Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի՝ մաքսադրույքների հարցը լուծված է և բազմաթիվ ապրանքատեսակների հետ կապված Հայաստանում գները չեն թանկանա: Սակայն հետո պարզվեց, որ այս հարցը լուծված չէ: Այսինքն՝ անդամակցության համար սա ևս խոչընդոտ է: «Չլուծվեց նաև մաքսային տարանցիկ ձևակերպումների խնդիրը՝ անգամ Վրաստան այցելությունից հետո»,- հավելեց նա։