Ընտրակեղծարարի դեմն առնելու ձեւեր կան. Գ. Դանիելյան (տեսանյութ)
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի համար տարօրինակ չէ, որ քաղաքական ուժերի համար սահմանադրության փոփոխությունները հրատապ թեմա չեն. «Քաղաքական խնդիրներ կան, շահեր կան, դրանք բախվում են»։ Ինքը, սակայն, հույս ունի, որ քաղաքական ուժերը կաջակցեն, որ իր ներկայացրած հայեցակարգը կյանքի կոչվի. «Եթե, ի վերջո, քաղաքական աջակցությունը լիարժեք ու բավարար չլինի, անկախ նրանից, թե ինչ որակի իրավական ու մասնագիտական առումով ինչ փաստաթուղթ է մշակվել, դա կարող է ապագա չունենալ»։ Բայց մարդիկ չեն մասնակցում սահմանադրական փոփոխությունների քննարկմանը, դահլիճները դատարկ են կամ՝ կիսադատարկ։ «Ես անձամբ կիսադատարկ դահլիճ չեմ տեսել»՝ պնդում է Գագիկ Հարությունյանը։ Իսկ Սահմանադրությունը կապ ունի՞ արտագաղթի հետ։ Գագիկ Հարությունյանը որոշ կապ տեսնում է. «Եթե մենք կարողանանք Սահմանադրությունը դարձնել ոչ թե իշխանակենտրոն Սահմանադրություն, ինչպես որ է, դարձնենք մարդակենտրոն Սահմանադրություն, ինչը ապագա Հայաստանի Սահմանադրությունը պետք է լինի, ապա այդ սոցիալական եւ շատ խնդիրներ որոշակի լուծում կստանան»։ ՍԴ խորհրդական Գեւորգ Դանիելյանի կարծիքով՝ ինքնին Սահմանադրությունը ի զորու չէ լուծել հասարակության առջեւ կուտակված խնդիրները։ Կոռումպացվածին եւ ընտրակեղծարարին ինչո՞վ կարող է խանգարել բարեփոխված Սահմանադրությունը։ «Դուք ինչպես նկատեցիք՝ կա կոռուպցիա, կա առանձին Սահմանադրություն, սրանք համատեղել հնարավոր չէ»,- ասում է Գեւորգ Դանիելյանը։ Գեւորգ Դանիելյանը կարծում է, որ ընտրակեղծարարի դեմն առնելու ձեւեր կան՝ Սահմանադրությամբ կարելի է փոխել, օրինակ, ընտրագրավ մուծելու սկզբունքը. «Հասնենք դրան, որ ոչ թե ինքը իր գրպանից մուծի այդ 8 միլիոն դրամը, այլ համակիրները ինչ-որ մի գումար մուծեն, առավելագույնը՝ 50 հազար դրամ եւ այդ գումարը հասնի ոչ թե 8 միլիոն, անգամ 20 միլիոն դրամի եւ տեսնենք, որ կան իրական համակիրներ, որոնք ցանկանում են այդ մարդուն տեսնել թեկնածուի կարգավիճակում»։ Արդարադատության նախկին նախարարը նույնպես կարծում է, որ ժողովուրդը լավ էլ հետաքրքրված է բարեփոխումներով, նրանք իրազեկված չեն եւ նրանց տեղեկացնում են. «Եթե մենք էս հանրային քննարկումների ընթացքում հանդիպենք մի էնպիսի իրավիճակի, որ տեսնենք բավարար չափով ողջամիտ հետաքրքրություն չկա էս փաստաթղթի նկատմամբ, բնական է, մենք ինքներս կնախաձեռնենք դադարեցնել»։ Ի դեպ, պարոն Հարությունյանն այսօր տեղեկացրեց, որ Մայր Աթոռում փոփոխությունների նախագիծը քննարկելուց հետո պայմանավորվել են, որ եկեղեցին գրավոր առաջարկություններ կներկայացնի, իրենք կքննարկեն։