«Չկա սահմանադրական բարեփոխումների պահանջարկ» (տեսանյութ)
Հուլիսի 5-ի Սահմանադրության օրը տոնական ընկալում չունի, քանի որ իրականում թե հին, թե նոր` 2005թ. փոփոխված ՀՀ Սահմանադրությունները ոչ մեկի կողմից չեն ընդունվել: Այսօր այս մասին ասաց «Իրավունքի գերակայություն» հ/կ համահիմնադիր Արտակ Զեյնալյանը «Մեդիա կենտրոն»-ում կազմակերպված՝ «Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ. հանրաքվեի ինստիտուտի ընդլայնում» թեմայով քննարկման ժամանակ։ Նա նշում է, որ հասարակական հարցումները, մասնագետները, քաղաքական կուսակցությունները փաստում են, որ հասարակության մեջ չկա սահմանադրական բարեփոխումների պահանջարկ։ Նա հիշեցնում է՝ գործող սահմանադրությունը թույլ է տալիս որոշ խմբերի հանրաքվե անցկացնելու իրավունք տալ, պետք է միայն փոխել մեկ օրենք. սահմանադրության փոփոխության կարիք չկա։ «Մեր կուսակցության համար սահմանադրական բարեփոխումների հայեցակարգն անընդունելի է, քանի որ հասարակության մեջ չկա վստահություն ընտրական ինստիտուտի նկատմամբ»,- հավելում է ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը: Ըստ նրա՝ ժողովրդին պետք է տալ սահմանադրական փոփոխություններին մասնակից դառնալու հնարավորություն. կուսակցությունները կարող են իրենց հայեցակարգը ներկայացնել 2017թ. նախընտրական ծրագրերում, իսկ ժողովուրդը կընտրի։ Թե ինչ նպատակով են իշխանությունները սկսել սահմանադրական բարեփոխումները, պարոն Պողոսյանը դժվարանում է ասել. «Միգուցե ապագայում այս բարեփոխումները միտված լինեն ԵՄ գնալուն... Չի բացառվում: Բարեփոխումներն անհրաժեշտ են որպես սցենար, որպեսզի ժողովուրդն իմանա` ինչ սցենարով է ապագայում առաջնորդվելու: Ի վերջո, սա նաեւ մի գործիք է, որը միշտ չէ, որ իշխանությունների օգտին կգործի»: