Զախարյանը բացատրեց՝ ինչպես ենք Վրաստանից հոսանք գնել (տեսանյութ)
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այսօր կրկնեց այն, ինչ ամիսներ շարունակ հայտարարում էին Էլեկտրաէներգիայի աակագների բարձրացման կողմնակիցները։ «Այս գործընթացը՝ սակագնի բարձրացումը անխուսափելի է, որովհետև դրանով է պայմանավորված Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու էներգահամակարգերի հետագա կայուն աշխատանքը»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նախարարը՝ միաժամանակ շեշտելով, թե սակագների բարձրացումը հաճելի գործ չէ: Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշել է, որ արդեն օգոստոսի 1ից սակագինը կբարձրանա 3,5 դրամով: Երվանդ Զախարյանը թյուրիմացույթուն համարեց այն հայտարարությունը, թե Հայաստանը Վրաստանից էլեկտրաէներգիա է գնում։ Այսօր նա փորձեց, իր խոսքերով, շատ պարզ բացատրել այդ պնդումը. «Սկսած 2009թ. Հայաստանը Իրանից գազ է ստանում և դրա դիմաց ապահովում էլեկտրաէներգիայով։ 2009թ.-ից առ այսօր մոտավորապես 2 մլրդ խորանարդ մետր գազ է ստացվել և փոխարենն ապահովվել է 6 մլրդ կիլովատտ/ ժամ էլեկտրաէներգիա՝ 1-3 հարաբերակցությամբ։ Այդ ընթացքում եղել են կապիտալ վերանորոգման աշխատանքներ, որպեսզի մենք ստացված գազի դիմաց Իրանին ամբողջությամբ կարողանանք ապահովել էլեկտրաէներգիայով, այդ վերանորոգման աշխատանքների ընթացքում անհրաժեշտ է եղել որոշակի էլեկտրաէներգիա Վրաստանից վերցնել։ Այդ գործընթացները տեղի են ունեցել յուրաքանչյուրն առանձին բանակցություններով, դա ծրագրային բնույթ չի կրում ։ Տարեկանը ընդամենը 50-60 մլն էլեկտրաէներգիա ենք վերցրել, ի՞նչ գնման մասին է խոսքը, դրանք բոլորը շահարկումներ են և իրականությանը չեն համապատասխանում»,- ընդգծեց նախարարը։ Երվանդ Զախարյանն անդրադարձավ նաեւ Մեծամորի ատոմակայանին։ Նրա խոսքերով՝ նախնական հաշվարկներով Ատոմակայանի կապիտալ նորոգումը կարժենա շուրջ 300 մլն դոլար և կտևի վեց ամիս. «Ավելի կոնկրետ ժամկետները կճշտվեն և աշխատանքներում որոշակի փոփոխություններ կմտնեն ատոմակայանի կանգնեցնելուց և ռեակտորը բացելուց հետո»,- ասաց նախարարը՝ հավելելով. «Կառավարությունը ծրագիր ունի, որպեսզի մոտակա 3-4 տարիների ընթացքում մենք կարողանանք կառուցել Երևանի ջերմաէլեկտրակայանի երկրորդ բլոկը, որը ավելի հարմար սակագներ է նախատեսում և մեզ ձեռնտու տարբերակ է»։