Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ գրողները վրդովված են Դավութօղլուի հայտարարություններից (տեսանյութ)

Քաղաքականություն
7876351e385ae7fe34ccf98ddb248080

«Թուրքիան ծայրահեղ վիճակում է». այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց վերջերս այդ երկրից վերադարձած գրող Արտեմ Հարությունյանը։ Նա մասնակցում էր բանաստեղծական մրցույթի, որտեղ շահել է լավագույն մրցանակը։ Պարոն Հարությունյանը ընդգծեց. «Այդ երկրում ներքին վիճակը չափազանց լարված է, փողոցներում ցույցեր էին: Ոստիկանությունը շներով ուղեկցում էր ամբոխին: Թուրքիայում սոցիալ-տնտեսական լուրջ անարդարություններ կան»,- ասաց նա՝ հավելելով, որ այս իրավիճակն անդրադառնում է նաև Հայոց ցեղասպանության խնդրին. «Թուրքիան մտադիր չէ որևէ կերպ ընդունել Հայոց ցեղասպանությունը: Իր ներքին խնդիրները հաշվի առնելով՝ այս երկիրը փորձում է սիրաշահել եվրոպական երկրներին և դիվիդենտներ շահել: Հիմա էլ Թուրքիան կազմակերպում և զինում է սիրիական ընդդիմադիրներին»: Գրող Մերուժան Տեր-Գուլանյանն էլ խոսեց Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի վերջին հայտարարությունից, որտեղ նա ասել էր, թե հույս ունի՝ Հայաստանն ու հայկական սփյուռքը «համարձակ քայլեր» կձեռնարկեն, ինչպես արել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ներողություն խնդրելով կոտորված հայերից։ Գրողը նշեց, որ թուրք պաշտոնյան փորձում է խեղաթյուրել իրականությունը. «Եթե խնդրին ոչ այնքան իրազեկ որևէ մեկը կարդա այդ հայտարարությունները, կմտածի, որ Դավութօղլուն շատ հետաքրքիր և անվնաս հարց է բարձրաձայնում, հայերն են, որ չեն ուզում բանակցել, իրականում նրա բոլոր խոսքերը բացահայտ ստեր են: Սա ավելի շատ աշխարհին է ուղղված, քան մեզ։ Թուրքերը գիտեն, որ մենք սա չենք ընդունելու»,- ընդգծեց գրողը։