Մանվել Գրիգորյան.«Թուրքը լավ գիտի, որ խոսքերը հենց այնպես շաղ տվող չեմ» (տեսանյութ)
«Ժամանակին ես խոստացել էի, որ վառելու եմ Ֆիզուլին: Թուրք-ադրբեջանցին բոլորից լավ գիտե, որ ես միշտ խոստումս կատարում եմ»,- հայտարարեց գեներալ -լեյտենանտ Մանվել Գրիգորյանը ՝ Տավուշի մարզում։
Մակարավանք տանող ճանապարհին խցանում էր։ Ուխտավորներն իջնում էին ավտոմեքենաներից , ոտքով շարունակում ճանապարհը։ Տավուշի մարզի Աչաջուր գյուղից 3 կմ հարավ-արևմուտք՝ Պայտաթափ լեռան լանջին գտնվող 13-րդ դարի հայկական վանական համալիր ուխտի եկածները երկրապահներ էին՝ ԵԿՄ ղեկավար Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ։ Ամենամյա ուխտագնացությունը երկրապահներն ամփոփեցին Մակարավանքում մոմ վառելով։ Եկեղեցում աղոթք հնչեցվեց աշխարհի խաղաղության համար։
Չորսօրյա ուխտագնացության ընթացքում երկրապահները հարգանքի տուրք են մատուցել մարզի զոհված ազատամարտիկների հիշատակին՝ ծաղիկներ դնելով նրանց գերեզմաններին եւ հուշակոթողներին։ Տավուշի մարզն իր բնակավայրերի պաշտպանության մարտերում և Արցախյան պատերազմում շուրջ 200 զոհ է տվել։
Ուխտագնացության փակման արարողությունը տեղի ունեցավ Աչաջուրում,որտեղ փոքրիկ միջոցառում էին կազմակերպել պատանի երկրապահները։ 12-ամյա Ռիմա Եգանյանն ասում է, որ Պատանի երկրապահին անդամագրվել է՝ «երկիրը պահելու համար»։ Իսկ այդ անելու համար, ըստ նրա, պետք է «հավատալ երկրին եւ ուժերին»։ Ինքն իր հերթին խոստանում է՝ պիտանի մարդ դառնալ։ Կողքին կանգնած չարաճճի աղջիկը միջամտում է. «Ռիման մեր դասարանի գերազանցիկն է»։
Ուխտագնացության վերջին օրն ավարտվեց պարգեւատրությամբ. շքանշանների եւ պատվոգրերի արժանացան նրանք, ովքեր իրենց ներդրումն են ունեցել հայրենիքի պաշտպանությանը, ինչպես նաեւ Երկրապահ կամավորականների միության զարգացմանը ։ Պարգեւատրվողների թվում էին նաեւ Տավուշի նախկին եւ ներկա մարզպետները, Մակարավանքի հոգեւոր հայրը։ Նրան պարգեւատրելիս՝ Մանվել Գրիգորյանը կատակեց՝ աղոթքդ տեղ հասավ։
ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը շնորհավորելով ներկաներին՝ նշեց, որ հաստատ այս այցը Տավուշ մարզ արժանացած կլինի ադրբեջանցիների ուշադրությանը. այդ մասին կխոսի ադրբեջանական ռադիոն եւ հեռուստաընկերությունը՝ հայկական կողմին պատերազմական գործողությունների պատրաստվելու մեջ մեղադրելով։ Մինչդեռ, ըստ գեներալի, Ադրբեջանն է վերջին տարիներին «հարձակվողական զենքեր գնում, իսկ մենք պաշտպանվում ենք»։
Եթե մենք միասնական լինենք, ոչ մի ոտնձգություն ադրբեջանցին չի կարող անել. «Թուրքի ռազմատենչությունը սաստելու առավել զորեղ միջոց չկա, քան մեր այս տղաներն ու աղջիկներն են: Թող տեսնի ոսոխը, որ այսպիսի հզոր սերունդ է մեծանում Հայաստանում: Եվ թող դադարեցնեն սահմանային այդ ցուցադրական ակտիվությունը: Վերջին շրջանում էլ Նախիջեւանի կողմից են ակտիվություն ցուցաբերում: Մի անգամ ես, հենց այս մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղում ասել եմ, որ դեռ Բաքվում կիսատ գործեր ունեմ: Թուրքը լավ գիտի, որ ես խոսքերը հենց այնպես շաղ տվող չեմ: Ժամանակին ես խոստացել էի, որ վառելու եմ Ֆիզուլին: Թուրք-ադրբեջանցին բոլորից լավ գիտե, որ ես միշտ խոստումս կատարում եմ»,-եզրափակեց Մանվել Գրիգորյանը։
Ի դեպ, մարզի պատանիներին գեներալը խորհուրդ տվեց լավ սովորել, քանի որ խելքով գործելն ավելի լավ է, քան ուժով. «Ինչ ուզում եք լինել, ձեր խելքը պիտի աշխատի»։
