«ԵՄ պատուհանից կմտնենք»
ՀՀ-ն չի կարող միաժամանակ լինել եւ Եվրասիական, եւ Եվրոպական միություններում: Այսօր ՄԱԱ-ում լրագրողների հետ հանդիպմանը նշեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ անդրադառնալով Եվրասիական ընտրությանը եւ ՀՀ եվրոպական հեռանկարներին: Ըստ նրա՝ լինել մի երկրի հետ, որը դեմ է ԵՄ-ին ու միաժամանակ ասել, որ կարելի է լինել ԵՄ-ում, կյանքի չկոչվող ցանկություն է. «Իհարկե, շատ լավ կլիներ, եթե ունենայինք այնպիսի ՌԴ եւ ԵՄ, որոնք կկարողանային համատեղվել: Մինչդեռ ՌԴ-ի կողմից դրված է «կամ-կամ»-ի խնդիրը: Եթե ՀՀ իշխանություններն ընտրում են ՄՄ-ն, ապա միամտություն է «եւ-եւ»-ի քաղաքականություն ունենալու հույսը: Եթե ՀՀ իշխանությունները փակում են եվրոպական դռները, ապա մեր ժողովուրդը կարող է զոռով բացել այդ դռները կամ պատուհանից մտնել»: ՕԵԿ պատգամավոր Լեւոն Դոխոլյանի համոզմամբ էլ՝ այն, ինչ կարող է առաջարկել Եվրասիական միությունը, չի կարող առաջարկել ԵՄ-ն եւ հակառակը. «Օրինակ՝ դատաիրավական համակարգը, քաղաքացիական հասարակության կայացումը, մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման առումով ԵՄ դերակատարումն անփոխարինելի է: Մենք կարծում ենք, որ ՀՀ յուրաքանչյուր որոշում պետք է բխի ազգային անվտանգության շահից, մենք չենք կարող հարաբերություններ ունենալ Բրյուսելի հետ եւ խզել դրանք ՌԴ-ի հետ»: Ըստ պարոն Դոխոլյանի՝ Եվրասիական միության անդամագրումը նշանակում է գների նվազում՝ շնորհիվ տրանսպորտային ծախսերի եւ մաքսատուրքերի իջեցման, որն էլ կբերի արտահանվող ապրանքների շուկաների ընդլայնման: Դա նաեւ նշանակում է ներքին արտադրողականության բարձրացում, որը կարեւոր է զարգացման ու անցումային փուլում գտնվող երկրների համար: ՕԵԿ-ը կողմ է բալանսավորված արտաքին քաղաքականության»: Իսկ քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի խոսքն աչքի ընկավ հատկապես ֆրանսիացի գրողների, հրապարակախոսների մեջբերումներով: