Տուգանքների նվազեցման նախաձեռնությունը քառյակինը չեն համարում (տեսանյութ)
Փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը ճանապարհատրանսպորտային տուգանքների նվազեցման մասին կառավարության օրենսդրական նախաձեռնությունը քառյակի 12 կետերից մեկի պահանջի կատարում չի համարում՝ Կառավարության ծրագրում է հստակ նախատեսված։ Իսկ մինչեւ քառյակի 12 կետերի իրականացման պահանջը երկու տարի խոշոր տուգանքներով մասնավորի գրպանը լցնող կառավարությունը չգիտե՞ր, որ ճանապարհատրանսպորտային տուգանքները մեծ են։ «Իհարկե, մշտապես վերլուծել ենք վիճակագրական տվյալները, նաեւ՝ համաչափությունը, եւ արդեն իսկ ունեինք արդյունք նախագծի տեսքով»,- ասում է փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը։ ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Մարտիրոսյանը նույնպես համոզված է, որ ընդդիմության պահանջը չեն կատարում տուգանքները նվազեցնելով, սրա արմատները շատ խորն են. «Կառավարության ծրագրում բազմաթիվ բաներ կան, հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրում, նախագահի ծրագրում, որ եթե դրանք իրականացվեն, էդ չի նշանակում, որ պահանջներ են կատարում»։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հիշում է, որ 12 կետերում տուգանքների նվազեցման նման մի պահանջ կա, բայց իրենք միշտ են խոսել այդ մասին. «Մինչեւ իրենց առաջարկությունները ներկայացնելը, մեր քննարկման մեջ եղել է, որ մենք պետք է մեղմացնող առաջարկություններ ներկայացնենք»։ Ինչու՞ քառյակի 12 կետանոց պահանջից առաջ հանրապետականի մտքով չանցավ տուգանքները նվազեցնող օրինագիծ մտցնել Ազգային ժողով. «Դա երեւի պետք է հարցնեք նախկին կառավարությանը եւ նոր կառավարությանը։ Սա նոր կառավարության առաջարկությունն է»։ Ի վերջո, ի՞նչ կարեւոր է, թե ով է արել առաջարկությունը,-հարցնում է պարոն Բաղդասարյանը, խնդիրը կա, փորձել ենք լուծել։ Պատգամավորն ուրախանում է, որ ընդդիմությունն իրենց հետ խոսում է գրավոր փաստաթղթերով։ Բայց նրանց մտքով, թող չանցնի, որ կարող են հանրապետականի հետ խոսել փողոց դուրս գալու սպառնալիքով. «Եթե իրենք նպատակ ունեն փողոց դուրս գալու, այդ նպատակը ցանկացած դեպքում կարող են պատրվակ բռնել, եւ մենք դրանից որեւէ անհանգստություն չունենք»։