Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրիտցիների հույսը «Ռոսնեֆտն» է

Կարևոր լուրեր Հասարակություն
nairit

«Կամք» քաղաքացիական շարժման հիմնադիր Արտաշես Ավետիսյանը հույս ունի, որ «Նաիրիտ»-ի խնդիրը կկարգավորվի Հայաստանի Եվրասիական տնտեսական միության անդամակցության շրջանակներում։ «Եթե «Ռոսնեֆտ» ընկերությունը համաձայնվի վերագործարկել «Նաիրիտ» գործարանը՝ հիմնվելով իրենց կողմից անցկացված աուդիտի տվյալների վրա, ապա դա նոր հնարավորություններ կընձեռի աշխատակիցներին, իսկ եթե ոչ, ապա կառավարությանը պետք է պարտադրել գտնել այլ ներդրողների այս խնդիրը վերջնական հաստատման հասցնելու համար»,- «Ա1+»-ին ասաց նա: Արտաշես Ավետիսյանի խոսքերով՝ 74 տարվա վաղեմություն ունեցող գործարանը մի քանի հարյուրավոր միլիոն դոլարի ներդրումային կարիք ունի, ինչը կարող են ստանձնել միայն նման խոշոր դրամական շրջանառություն ունեցող ընկերությունները: «Իսկ ինչ վերաբերում է կուտակված աշխատավարձերին, ապա դա նույնքան գումար չի պահանջում, ինչքան վերագործարկումը, սակայն աշխատավարձերի վճարումը խուսափում է իր վրա վերցնել Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը` մոռանալով, որ գործարանի 10 տոկոսը պատկանում է Էներգետիկայի նախարարությանը»,- նշեց «Կամք» քաղաքացիական շարժման հիմնադիրը: Հիշեցնենք, որ «Նաիրիտ» գործարանն իր աշխատակիցներին 15 ամսվա աշխատավարձ է պարտք։ Քիմիական երբեմնի գերհզոր գործարանը 2010 թ-ից արտադրանք չի տալիս։ 2500 աշխատակիցներից 2000-ը գտնվում են հարկադիր պարապուրդում։