Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրո զգացումը ծանոթ է նույնիսկ օլիգարխին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
ruz

Սերը ոչ միայն տարիք, այլև դասակարգ չի ճանաչում։ Սիրո զգացումը, պատկերացրեք, ծանոթ է նույնիսկ օլիգարխին: Պատկերացրեք նաև, անգամ օլիգարխի մայրիկին բնորոշ է որդու համար արժանի կին փնտրելու ձգտումը: Այսօր Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի բեմում «Վիվարտե» նորաստեղծ թատերախմբի «6 ուտեստ օլիգարխի համար» անդրանիկ ներկայացման պրեմիերան է: Բեմադրող ռեժիսորը թատերախմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Իրինա Հարությունյանն է, որը մի քանի տարի առաջ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում բեմադրել էր Գաննա Սլուցկիի կատակերգական այս պիեսը: Սակայն այս անգամ ամեն բան փոփոխված է՝ թե դերասանական կազմը, թե ռեժիսորական լուծումները, թե զգեստներն ու բեմի ձևավորումը, և անգամ «1 հավից 6 ուտեստ» հեղինակային անվանումը: Ներկայացումը խաղում են ռուսերեն, սակայն առաջիկայում մտադիր են բեմադրել նաև հայերեն: Եվ, ընդհանրապես, նպատակ ունեն ստեղծել երկլեզու թատրոն: Ներկայացման գլխավոր դերակատարը դերասան Յուրի Իգիթխանյանն է, որն ի դեպ ներկայացման առաջին տարբերակում էլ մարմնավորել է օլիգարխի կերպարը: Ներկայացման պրոդյուսերը Արտյոմ Կարապետյանն է։ Նա վստահեցնում է, որ հանդես կգան ոչ միայն Երևանում, այլև մարզերում, Արցախում, ինչպես նաև կմասնակցեն միջազգային փառատոնների: