Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հուշարձան-շենքն իր տեղը կգտնի մի նախագծում, որի ճակատագիրն անորոշ է

Կարևոր լուրեր Հարցազրույց Հասարակություն
afrikyan

Աֆրիկյանների ակումբի շենքը շուտով կապամոնտաժեն ու կտեղափոխեն։ Ապամոնտաժում են երկու պատճառաբանությամբ շինությունն անմխիթար վիճակում է, բացի այդ, հուշարձան-շենքն իր տեղը կգտնի «Հին Երևան» նախագծում։ «Ա1+»-ն այս առնչությամբ զրուցել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի հետ։ - Պարոն Սուքիասյան, դեռևս հունվար ամսին դուք ասուլիսով էիք հանդես եկել՝ ասելով, որ «Հին Երևան» նախագծի համար գումարներ նախատեսված չեն։ Արդյոք ներկայումս գումարներ կա՞ն, թե ոչ։ - Դա բավականին մեծ ծրագիր է և լուրջ ներդրումային անհրաժեշտություն կա։ Բազմաթիվ մասնավորների հետ բանակցային գործընթացներ տեղի ունեցան։ Դրանց զգալի հատվածը ձախողվել է, զգալի հատվածը, կարծես թե, ընթացքի մեջ է, և քննարկումները շարունակվում են։ Բայց բյուջեից գումարներ այս տարի նախատեսված չեն։ - Աֆրիկյանների ակումբի ապամոնտաժման կողմնակիցները, մասնավորապես՝ քաղաքապետարանը, պնդում են, որ շինությունն իր տեղը գտնելու է «Հին Երևան» նախագծում։ Եթե ապամոնտաժում եք, բայց փաստացի այս պահին նախագիծն իրագործված չէ, ու դեռ մի քանի տարի է՝ թղթի վրա է մնում, այդ դեպքում ինչպիսի՞ն է լինելու Աֆրիկյանների հայտնի շենքի ճակատագիրը։ - Աֆրիկյանները տեղափոխվում է, և այդ աշխատանքներն արվում են՝ նախ և առաջ անվտանգությամբ պայմանավորված, այսինքն` պայմանավորված հնարավոր փլուզումից։ Իսկ որպես հին կառույց, որպես այդ տրամաբանության մեջ տեղավորվող միավոր, միանգամայն իրավացի կլինի, որ դա տեղափոխվի հենց այդ հատվածում։ - Մինչ այս, ավելի քան երկու տասնյակ նմանաբնույթ շինություններ են տեղափոխվել։ Մեկը անձամբ ես եմ տեսել Ջրվեժի գեղարվեստի կոմբինատի տարածքում, որտեղ շենքի համարակալված քարերը անմխիթար վիճակում թափված էին գետնին։ Աֆրիկյանների շենքն արդյոք այդ ճակատագրին չի՞ արժանանա։ - Չեմ կարծում, որ այդպես թափված են։ Քարերը համարակալված են, պահպանության ներքո է լինելու։ Հասկանալի է, որ դուք հաճախ փնտրում եք դասավորված դարակներով, ի վերջո դա շինանյութ է, շինարարության մաս է կազմում։ Չգիտեմ՝ դուք ինչ փաստ նկատի ունեք։ Ամեն դեպքում, չեմ կարծում, որ անտարբերության կմատնվի Աֆրիկյանների շինության որևէ քար։ Ի դեպ, Աֆրիկյանների ակումբի համար պայքարողները մշտապես բարձրաձայնում են, որ շենքը փլուզման եզրին է հասցրել քաղաքապետարանի թողտվությունը։ Շենքում ապրող միակ բնակիչ Վահե Ղուկասյանը երեկ «Ա1+»-ին ասել էր, որ կառուցապատողը նախկին բնակիչներին հորդորում էր քանդել շենքը, որից հետո միայն կփոխանցի նրանց գումարները։