Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մի շարք հիվանդություններ ընդգրկված չեն անվճար փաթեթում (տեսանյութ)

Հասարակություն
doctor

Պետության կողմից տրամադրվող անվճար սոցփաթեթում փոփոխությունները դրական անդրադարձ են ունեցել շահառուների մոտ. այսօր հայտարարեց Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Սամվել Խարազյանը։ «Այդ փաթեթում առկա առողջապահական ապահովագրության պարտադիր բաղադրիչը տեղափոխվել է առողջապահության նախարարություն։ Այսուհետ այդ փաթեթի ներկայացուցիչները՝ քաղծառայողները, պարտավոր չեն գումարներ մուծել որեւէ ապահովագրական գործակալությանը, այլ առողջապահության նախարարությանը, որն էլ կուղղորդի այս կամ այն բուժհիմնարկ։ Փոփոխությունը գործում է 2012թ.-ից»,-նշեց ԱՆ ներկայացուցիչը։ Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը կարեւոր եւ ճիշտ է համարում այդ քայլը. «Միջնորդ կազմակերպությունների հետ համագործակցությունն ավելորդ քաշքշուկներ էր ստեղծում»: Ըստ նրա, սակայն, կան մի շարք հիվանդություններ, որոնք ընդգրկված չեն անվճար հիվանդությունների շարքում. «Շաքարային դիաբետիկ հիվանդություններ, ողնաշարային հիվանդություններ, լյարդի անբավարարվածության հիվանդությունը նույնպես ներառված չէ եւ այլն, պատճառը՝ գումարներ չլինելն է»։ Պարոն Սաֆարյանը ընդգծեց նաեւ, որ շահառուների ընտանիքի անդամները չեն կարող օգտվել այդ ապահովագրությունից. «Այս հարցը պետք է բարձրաձայնենք, որպեսզի կառավարությունը ներառի փաթեթի մեջ: Օրինակ՝ Գերմանիայում եւ նախարարը, եւ գործազուրկը նույն բուժսպասարկման ծառայություններից են օգտվում՝ անվճար»: