Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընդդիմությանը պաշտոն տալուն դեմ չեն, բայց ոչ խոշոր (տեսանյութ)

Քաղաքականություն
ce6117347f5e7af6cdd659f344d2ba5f

Հանրապետական պատգամավոր Հայկ Մարտիրոսյանը չի սիրում, երբ ոմանք ժամանակ են տալիս Հանրապետականին՝ իրականացնելու իրենց 12 կետերը. «Նշանակում է՝ ուլտիմատումի լեզվով խոսել։ Անընդունելի երեւույթ է, ուլտիմատում ընդհանրապես չեմ սիրում»։ Պարոն Մարտիրոսյանը քառյակի ուժերին առաջարկում է՝ նստենք, խոսենք, կարող է հանրապետականին տրված 4 ամիս ժամկետը դառնա 4 տարի։ Բայց այնպես չէ, որ ՀՀԿ-ական պատգամավորի սիրտը դող է ընկել քառյակի տված ժամկետից, ինչքան կարողանում են, այնքան աշխատում են. «Բնականաբար, եթե ժողովուրդը մեզ քննադատում է, դա առողջ քննադատություն է»։ ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանն ուշադիր է կարդացել քառյակի 12 կետերը, դրանք երեք-չորս ամսում իրականացնելիք խնդիրներ չեն: Ավելին, այնտեղ շատ են մերժելի կետերը; Օրինակ, համամասնական 100 տոկոսանոց ընտրակարգը. «Ես չեմ գտնում որեւիցե մի քաղաքագետ, որ փորձի ինձ համոզել, որ 100 տոկոս համամասնականն իդեալական ընտրակարգ է»։ Որոտանի վաճառքը Ազգային ժողովի համաձայնությամբ իրականացնելու քառյակի պահանջի գնացքը գնացել է՝ «Որոտան ՀԷԿ-երի համալիրը» վաճառված է առանց Ազգային ժողովի համաձայնության. «Սահմանադրությամբ եւ օրենսդրորեն պարտադրված չէ,կարելի է եւ-եւ տարբերակը,կարելի էր բերել Ազգային ժողով, կարելի էր չբերել»: Ընդդիմությանը վերահսկողական պաշտոններ տրամադրելուն պարոն Ավետիսյանը դեմ չէ` բայց ոչ խոշոր պաշտոններ: Ինքը համաձայն է միայն Ազգային ժողովի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովում սովորական անդամի պաշտոն տրամադրելուն. «Դա էլ է որոշակի լծակ, չէ՞, ձայների հաշվումը: Թող գան, մասնակցեն, չեն ուզում մասնակցեն, իսկ դա նշանակում է, որ իրենց որոշակի լծակ տալը շուտ է»: Պարոն Ավետիսյանը նույնպես չի վախենում ընդդիմադիր քառյակի վերջնագրից: Եթե նրանք կարծում են,թե Տիգրան Սարգսյանին իրենք հեռացրեցին,սխալվում են. «Էնպես որ ընդդիմությունը թող իրան շատ, ըսենց, ամպագոռգոռ բաներ չվերագրի»: Վահրամ Բաղդասարյանը կոնկրետացնում է՝ Հանրապետականը հեռացրեց Տիգրան Սարգսյանին։ Քառյակին որ թողնես, ցանկացած կադրային փոփոխություն իրենց կվերագրեն։ Նրանցից վախեցող չկա. «Մենք ձգտում ենք, որ լուրջ վերաբերվենք, մենք ամեն ինչ անում ենք, որ նրանք միասնական լինեն եւ ավելի առողջ կարողանան իրենց առաջարկությունները քաղաքական դաշտում ներկայացնեն»։ Միայն այս աշխատանքներից հետո Հանրապետականը կկարողանա լուրջ վերաբերվել քառյակի առաջարկներին,-ամփոփեց պարոն Բաղդասարյանը։