Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրանտ Բագրատյանն արտգործնախարարին կարող էր բացատրել

Քաղաքականություն
Bagratyan

ՕԵԿ խմբակցությունն այսօր ԱԺ-ին առաջարկեց խորհրդարանական լսումներ անցկացնել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ: Այս հարցը Հանրային ծառայությունների հանձնաժողովը սկսել է քննարկել՝ էլեկտրաէներգիայի գինը շուրջ չորս դրամով բարձրացնելու համար: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը վստահեցրեց, որ ինքն արդեն պայմանավորվածություն ունի, եւ այդ լսումները կկազմակերպվեն: Իսկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ Աստանայի հանդիպման հետ կապված ինքը արտգործնախարարին նամակ էր ուղարկել, որին նա հարկ չի համարել պատասխանել. «Մինչդեռ Աստանայում հնչած հայտարարությունները խիստ մտահոգիչ են եղել ու պարզաբանումներ են հարկավոր»: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ նկատեց, որ նախորդ քառօրյայից մի արատավոր երեւույթ է մնացել՝ կեղծիքով ընդունվել է Կառավարության ծրագիրը. «Ժապավենով հաստատվել է, որ այդ ծրագիրն անցել է կեղծիքով: Պարոն Սահակյան, դուք ի՞նչ վերաբերմունք եք արտահայտելու այդ կեղծիքների վերաբերյալ»: Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ցանկացած կեղծիքների ինքը դեմ է ու ԱԺ Կանոնակարգ օրենքը կարգավորում է այդ ամենը. «Հիմա չգիտեմ՝ ով է կեղծիք թույլ տվել: Եթե մեկ-երկու ձայն էլ պակաս լիներ, միեւնույն է, ծրագիրն անցնելու էր, ու եթե կան նման տեսանկարահանումներ, ապա խստորեն զգուշացնում ենք, հատկապես ՀՀԿ-ին: Բնականաբար, ուշադրության կենտրոնում ավելի շատ քաղաքական մեծամասնությունն է, եւ նման մոտեցումները անընդհատ քննարկելի են լինելու մեզ համար»: ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ վրդովված նկատեց, որ ամբողջ աշխարհն է ասել, որ քաղաքականապես ԼՂՀ հարցը պարզ չէ, սակայն տնտեսական դաշտում ամեն ինչ օրինական է. «Մի՞թե արտգործնախարարն այդ մասին չգիտեր, եթե չգիտեր, թող գար ինձնից հարցներ: Պետք է դա արտգործնախարարն իմանար ու վազեր նախագահի ականջին դա շշնջար»: