Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՄՀՀ գինը իջեցնել այնքան, մինչև հարմարեցվի ոմն պարոնի գրպանին» (տեսանյութ)

Հասարակություն
2f3caa5ca1afcd48b7599f1681f3d806

«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»-ը աճուրդի դնելիս հաշվի չի առնվել նրա պատմամշակութային արժեք լինելու հանգամանքը: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է ՄՀՀ ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանը։ Կառույցը կառավարության 2005թ. որոշմամբ է ճանաչվել պատմամշակութային արժեք, մինչդեռ, ՄՀՀ փաստաբան Արմինե Հակոբյանը հայտնեց, թե մշակույթի նախարարությունից իրենց ասել են, թե նման արժեքների գնահատման հատուկ չափորոշիչներ չկան, և դրա համար պետք է հատուկ հանձնաժողով հրավիրվի: ՄՀՀ շուրջ առաջացած աղմուկը՝ աճուրդի հետ կապված, ըստ Կորյուն Գրիգորյանի, կառավարության հետ կնքված որոշ ապօրինի վարկային գործարքներից հանրության ուշադրությունը շեղելն է. «Այս աճուրդի նպատակն է ՄՀՀ գինը իջեցնել այնքան, մինչև որ հարմարեցվի ոմն պարոնի գրպանին»։ Անուններ, սակայն, չնշվեցին։ «Ա1+»-ի այն հարցին, թե արդյո՞ք «Գեղասահքի դպրոց» կառուցելու համար նրանք ստացել են առաջարկ օգտագործել Մարզահամերգային համալիրի սառցադաշտը, Կորյուն Գրիգորյանը պատասխանեց. «Իհարկե ոչ, իրենք այսպիսի բաներ են անում, որ ուշադրությունը հեռացնեն համալիրից։ Փորձում են նշանակությունը քչացնել, չխոսել ներդրումների մասին։ Իսկ սառցադաշտի ստեղծումը կոպեկների գործ չի»։ Լուրերը, թե ՄՀՀ-ի գնորդների շրջանում հիշատակվում է նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անունը, ներկաները հերքեցին՝ ասելով, որ անձամբ են լսել Գագիկ Ծառուկյանի հերքումն այս առնչությամբ։