Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ նախագահը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Քաղաքականություն
լղհ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 4-ին Երեւան քաղաքում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդյե Բուրկհալտերի հետ: Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ հակամարտության կարգավորման ամենամեծ խոչընդոտը հանդիսանում է պաշտոնական Բաքվի ռազմատենչ քաղաքականությունը, եւ կարեւորել է միջազգային հանրության կողմից համապատասխան քայլերի ձեռնարկումը Ադրբեջանին դատապարտելու ու կառուցողական հուն բերելու ուղղությամբ: Միաժամանակ, երկրի ղեկավարը վերահաստատել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունների լիարժեք ձեւաչափի վերականգնմամբ: Հանդիպմանը մասնակցում էին արտգործնախարար Կարեն Միրզոյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, պաշտոնատար այլ անձինք:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ