«Հիմա ով ինչ նամակ ուղարկի, կարդալո՞ւ եք» (տեսանյութ)
Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը չի վիճարկի Սերժ Սարգսյանի` Աստանայից հետո ասված այն միտքը, որ Հայաստանը չէր էլ պատրաստվում Մաքսային Միություն մտնել Ղարաբաղի հետ միասին. «Իսկ մենք ո՞ր կազմակերության մեջ ենք մտել Արցախի հետ միասին»։ Չնայած դրան, ըստ նախարարի, Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ մաքսակետ չի դրվելու մեր երկրի Մաքսային միության անդամ դառնալուց հետո, ամեն ինչ լինելու է նախկինի պես. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ապրանքները ազատորեն շրջանառելու են եւ մեր շուկայում եւ ԱՀԿ անդամների շուկայում եւ Եվրոմիության շուկայում»։ Նախարարը չի անհանգստանում Աստանայում ընթերցված Իլհամ Ալիեւի նամակով, բոլորին նույնն է խորհուրդ տալիս։ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը Ալիեւի նամակին հայ ժողովրդի վերաբերմունքը բացատրում է խուճապների հանդեպ մեր հակումներով. «Մենք էսպիսի մի հատ ըսենց նուրբ լար ունենք՝ աշխարհի ծերում մեկը մեր մասին մի բան ասի, մենք դա լուրջ տրագեդիա ենք դիտարկում»։ «Ալիեւն ո՞վ է, որ այսպես խառնվել ենք իրար,-հարցնում է տիկին Նաղդալյանը։- Նազարբաեւը, Պուտինն ու Լուկաշենկոն թող խառնվեն։ Իրենք ընկան վատ վիճակի մեջ, որովհետեւ էդքան պարապ ժամանակ ունեի՞ք ինչ-որ մեկի նամակը կարդալու, նամակ, որը գործընթացի վրա ազդեցություն չունի»։ «Հիմա ով ինչ նամակ ուղարկի, կարդալո՞ւ եք,-չի հանգստանում տիկին Նաղդալյանը։- Խոշոր երկրների առաջնորդ եք, գլոբալ հարցեր եք լուծում։ Ինչ եղել, եղել է, կարիք չկա, որ հայերս նեղանանք Նազարբաեւից՝ Սերժ Սարգսյանին տհաճ իրավիճակում դնելու համար։ Ավելի շատ Նազարբաեւի նախագահ գործընկերներն իրենից նեղանալու բան ունեն, քան թե մենք»։ «Սերժ Սարգսյանը ստորագրելու է Մաքսային միության պայմանագիրը»,-ասում է Գալուստ Սահակյանը։ Ոչ ոք, ըստ նրա, մեզ չի խանգարելու Ղարաբաղի պատճառով, Նազարբաեւն առավելեւս, կմտնենք, բայց առանց մեր դիվանագիտության հիմնական թեմայի եւ հոգեւոր հիմնարար արժեքի. «Երբեւիցե ըտենց հարցադրում էլ չի եղել, որ Ղարաբաղը մտնելու է որպես պետություն մաքսային միություն կամ եվրասիական միություն»։ Լեռնային Ղարաբաղը աշխարհի ոչ մի պետություն չի ճանաչել, բայց Հայաստանը նրա հետ է. «Հայաստանը որեւէ վտանգավոր փոխհարաբերություններ որեւէ կառույցի կամ պետության հետ չի գնա, եթե Ղարաբաղին կվնասի»։ Ընդ որում, Սերժ Սարգսյանն, ըստ խորհրդարանի ղեկավարի, ճիշտ արեց, որ տեղում չարձագանքեց Ալիեւի նամակին, Նազարբաեւի համար դա շատ կլիներ. «Ենթադրենք՝ ինչ-որ բան ասեր, ասեր, դա այդպես չի։ Ես չեմ կարծում, որ մենք պիտի անպայմանորեն հատկանշեինք Նազարբաեւի ասածը եւ մտածեինք, որ Նազարբաեւն է որոշում մեր երկրի ճակատագիրը»։