ԿԱՐՄԻՐ ՏԵՌՈՐ, ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ...
Աջակցիր «Ա1+»-ինԿենտրոն, Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում այսօր ցուցմունք տվեց հոկտեմբերի 27-ի գործով տուժող, ԱԺ պատգամավոր Գագիկ Թադեւոսյանը: Նա հիշեց, որ 99-ի հոկտեմբերի 27-ին, հարցուպատասխանի ժամանակ դահլիճ է մտել անձրեւանոցով երիտասարդ, ինչ-որ բան է ասել վարչապետին, հագուստի տակից հանել ավտոմատն ու կրակել:
Գագիկ Թադեւոսյանը համոզված է, որ ահաբեկչությունը կազմակերպված էր, իսկ 4 հոգու` վարչապետի, ԱԺ նախագահի եւ տեղակալների սպանությունը` պատվիրված:
Ըստ պատգամավորի, սպանությունները ուղղորդված էին թե դրսի, թե ներսի ուժերի կողմից: «Երկիրն արդեն փորձ էր անում ծանր վիճակից դուրս գալ, համախմբվելու միտում կար, որոշ ուժերի դա ձենռտու չէր»,- կարծում է Գագիկ Թադեւոսյանը:
Ինչպես հայտնի է, Գագիկ Թադեւոսյանի մոտ կրակոցներից հետո սկսվել է հիպերտոնիկ կրիզ, նախաինֆարկտային վիճակ, ճնշումը բարձրացել է 250/130: Նույնիսկ այդ վիճակում նա կանգնել է դահլիճի դռների մոտ` որպես կենդանի վահան: Մի քանի անգամ նրա վիճակով հետաքրքրվել է ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանը եւ խորհուրդ է տվել անշարժ պառկել:
Ամբաստանյալներ Նաիրի եւ Կարեն Հունանյաններին դուր չեկավ պատգամավորի հայտարարությունը, թե կատարվածը ահաբեկչություն էր: Նաիրի Հունանյանը չգիտես ինչու հիշեց 20 թվականի կարմիր տեռորի մասին, իսկ Կարեն Հունանյանը «զարմացավ», թե ինչպես կարելի է հեղափոխությունը շփոթել ահաբեկչության հետ:
Կարեն Հունանյանն ավելի շատ ոչ թե հարցեր է ցանկանում տալ, այլ ապացուցել, որ կարող է հարցեր ձեւակերպել: