Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2060 թ-ին Հայաստանում չի լինի 93000 կին եւ ապագա մայր (տեսանյութ)

Հասարակություն
susik-nkar

Սեռով պայմանավորված աբորտների քանակը Հայաստանում ուղղակի մտահոգիչ է։ Մասնագետներն առաջարկում են ՝ երեխայի սեռի մասին պետք է հայտնել այնքան ուշ, որպեսզի այլեւս հնարավոր չլինի ընդհատել հղիությունը. «Լուծումներից մեկը կարող է լինել հենց դա, մի քայլով այս խնդիրը լուծում չի ստանալու»,- ասաց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը։ ՄԱԿ-ի ԲՆակչության հիմնադրամի հետազոտությունը փաստում է, որ վերջին հինգ տարվա ընթացքում 7200 կին դիմել է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման։ Հետեւանքը եղել է այն, որ յուրաքանչյուր տարի 1400 աղջիկ Հայաստանում չի ծնվել։ «Երեխան աստծո շնորհն է, կապ չունի՝ աղջիկ, թե տղա երեխա է, յուրաքանչյուր երեխան իր հետ բերում է իր շնորհը, իր արժեքները, եւ մենք պետք է վայելենք եւ ուրախանանք, որ երեխա ենք ունենում»,- նշում է «Վորլդ Վիժնի» Հարավային Կովկասի գրասենյակի տնօրեն Հանս Բեդինսկին։ «Պայքար Հայաստանում սեռով պայմանավորված բռնությունների եւ աբորտների դեմ» ծրագրի ներկայացման ժամանակ նաեւ նշվեց, որ ներկայումս Հայաստանում արձանագրվում է 117 տղա 110 աղջկա համամասնությունը։ Մեր հասարակության մեջ տղա երեխա ունենալու ցանկությունը 6 անգամ ավելին է, քան աղջիկ։ «Մենք մտահոգվելու տեղ ունենք, եւ տեղ ունենք մտածելու, մեր մտածելակերպի վրա աշխատելու եւ փորձելու այդ անհավասարությունը մեղմել, եթե մենք ուզում ենք համահունչ զարգացող հասարակություն ունենալ ապագայում»,- նշում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչը։ Շիրակի թեմի Ամասիայի տարածաշրջանի հոգեւոր հովիվը հիշեցնում է, որ սեռով պայմանավորված հղիության ընդհատումները ընդունելի չեն նաեւ հոգեւոր տեսանկյունից։ «Հստակ մեղք է մարդկության դեմ ուղղված եւ ամենակարեւորը աստծու եւ աստծու ստեղծագործության դեմ ուղղված»,- նշում է Տեր Փառեն քահանա Առաքելյանը։ Կանխատեսվում է, որ տղա երեխաների նկատմամբ այս ընդգծված նախընտրության հետեւանքով 2060 թ-ին Հայաստանում չի լինի 93000 կին եւ ապագա մայր։