Օգտագործել են «Ջերմուկ»-ի անունը
«Ջերմուկ» ընկերությունը Հանձնաժողովին դիմում է ներկայացրել այն մասին, որ «Ջերմուկ Գոլդ» և «Արփի» ընկերությունները արտադրանքի պիտակավորման ժամանակ օգտագործում են «Ջերմուկ» ապրանքային նշանը, որը շփոթություն է առաջացնում իրենց ընկերության արտադրանքի նկատմամբ: Հարուցված վարչական վարույթի ընթացքում Հանձնաժողովը պարզել է նաև, որ բացի ուրիշին պատկանող ապրանքային նշանի նմանակումից, առկա է նաև ևս մեկ խնդիր: Համաձայն օրենքի, տվյալ ապրանքատեսակը կարող է կոչվել այս կամ այն աշխարհագրական տեղանվան անունով, եթե այն արտադրված է հենց տվյալ վայրում: Տվյալ դեպքում «Ջերմուկ Գոլդ» և «Արփի» ընկերությունների գործունեությունը հակասում է օրենքին: Հանձնաժողովի որոշմամբ, անբարեխիղճ մրցակցություն դրսևորելու համար «Ջերմուկ Գոլդ» և «Արփի» ընկերությունները ստացան խիստ նախազգուշացում՝ խախտումը վերացնելու հանձնարարականով: Տեղեկացնենք, որ վերոնշյալ ընկերությունները արդեն իսկ ընդունել են խախտումը և գրությամբ դիմել են Հանձնաժողովին՝ հայտնելով, որ հստակ ժամկետներում կվերացնեն խախտումը: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով