Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրպակատերերը զրկվում են օրվա հացից (տեսանյութ)

Հասարակություն
purak2

Գալուստ Գյուլբենկյան-Արամ Խաչատրյան փողոցների խաչմերուկի հարակից շենքերի բնակիչները հրաժարվում են իրենց վարչական շրջանի ղեկավարի խոստացած պուրակից։ Տարածքում Արաբկիրի վարչական շրջանը պատրաստվում է պուրակ կառուցել՝ տեղի կրպակները ապամոնտաժելուց հետո։ Սա նշանակում է, որ առնվազն 4 ընտանիք կզրկվի եկամտի միակ աղբյուրից։ Բնակիչները ստորագրահավաք են սկսել պուրակի կառուցումը կանխելու համար։ «Մարդիկ աշխատում են, մենք իրանցից օգտվում ենք»,- ասում են բնակիչները։ Նրանք պուրակից հրաժարվում են նաեւ այլ պատճառով՝ մարդիկ այնտեղ կխմեն եւ աղմուկ կբարձրացնեն։ Արաբկիրի համայնքի ղեկավարի տեղակալ Արտակ Միսկարյանը պնդում է՝ պուրակի կառուցումն անխուսափելի է։ Դեռ ավելին, այնտեղ բարերար Գալուստ Գյուլբենկյանի արձանն է տեղադրվելու։ «Պետական ծրագրով նախատեսված է ծրագիր, համապատասխան բոլոր փաստաթղթերը կան, մոտ օրերս աշխատանքները կիրականացվեն»,-ասում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արտակ Միսկարյանը։ Բնակիչներն այս ամենը դիտարկում են որպես իրենց արտագաղթի դրդող քայլ։ «Ես չեմ ուզում գնամ Ռուսաստան, ուզում եմ մնալ իմ երկրում եւ այստեղ աշխատել»,- ասում է արհեստավոր Գագիկ Նիկոլյանը։ Ավտոդողերի վերանորոգման կրպակը պատկանում է Գագիկ Նիկոլյանին, գործում է արդեն 23 տարի։ Փաստաթղթերով այն դեռ մեկ տարի էլ կարող է գործել։ Այս կրպակի շնորհիվ միայն Նիկոլյանների ընտանիքը չի գոյատեւում։ Մանրամասները՝ տեսանյութում։