Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արաբկիր համայնքը՝ աղբի մեջ. լուսանկարներ

Հասարակություն
Nkar-Gev

Արաբկիրի վարչական շրջանի Գյուլբենկյան 39Բ հասցեի բնակիչները հոգնել են աղբակույտերի եւ գարշահոտության մեջ ապրելուց։ Նրանք դժգոհում են, որ իրենց աղբամբարից օգտվում են նաեւ հարեւան շենքերի բնակիչները։ Բնակիչները չեն հիշում, թե վերջին անգամ, երբ է վերանորոգվել իրենց աղբահանության համակարգը. «Սովետը փլուզվեց, էդ էլ՝ հետը, ոչ մի տեր չկա»,- ասում են նրանք։ Չնայած որ մեր այցելության ժամանակ աղբը նոր էին հեռացրել, սակայն տարածքում աղբի մնացորդներ կային։ Ի դեպ, աղբը հեռացնելուց հետո ամեն անգամ ակտիվանում են առնետները, որոնց սատկացնում եւ տեղում թողնում են աղբահանություն իրականացնողները։ Բնակիչները հասցրել են լուսանկարել այդ տեսարանները, որոնք նաեւ մեզ տրամադրեցին։ Բնակիչները թաղապետարանից պահանջում են բարեկարգել իրենց աղբամբարը, իսկ հարեւան շենքերի համար աղբամաններ տեղադրել։ Արաբկիր համայնքում աղբահանության խնդիր ունի ոչ միայն Գյուլբենկյան փողոցը։ Արամ Խաչատրյան փողոցի թիվ 1  շենքի բնակիչները ստիպված վերելակով իջնում են առաջին հարկ՝ աղբը դրսում թափելու համար,  քանի որ աղբի խողովակը մինչև 9-րդ  հարկը լցված է։ Բնակիչները խոստովանում են. շատ հաճախ թաղապետարանին չեն  սպասում և աղբից ազատվելու այլընտրանքային տարբերակներ են գտնում, բնականաբար սեփական գրպանից վճարելու գնով։ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը մեզ հետ զրույցում պատրաստակամություն հայտնեց տեղում իրավիճակը բացատրել։ Նա պնդում է, որ աղբը կուտակվում է նաեւ սեփական սեկտորի բնակիչների անփութության պատճառով, իսկ սեփական սեկտորում, ըստ Հրայր Անտոնյանի՝ աղբամաններ տեղադրել հնարավոր չէ, տեղ չկա։ Ըստ նրա՝ այս տարածքում օրը 2 անգամ աղբահանություն է իրականացվում։ Վարչական շրջանի ղեկավարի պարզաբանումներ առավել մանրամասն կներկայացնենք ավելի ուշ։ Ստորեւ՝ լուսանկարներ, որոնք փաստում են բնակիչների պատմածը 1 2 3 4 5 6