Էրդողանին Հայաստան հրավիրելը դիվանագիտական քայլ է
«Սերժ Սարգսյանի այսօրվա ելույթն Էրդողանի ապրիլի 23-ին արված հայտարարության պատասխանն էր»,- թուրքագետ Լևոն Հովսեփյանն այսպես մեկնաբանեց այսօր Սերժ Սարգսյանի` Մարզահամերգային համալիրում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ Էրդողանի Հայաստան հրավիրելու փորձը: «Հրավերը որպես այդպիսին հրավեր չէր, այլ ցեղասպանության պատմության հետ առերեսվելու միջոց: Այս ուղերձում Սերժ Սարգսյանը հասկացնել է տալիս, որ եթե թուրքական կողմը որոշակի քայլեր է անում, ասում, որ 15 թվականի ապրիլի 24-ն աննախադեպ պատմական ողբերգություն է, ապա նրա այցը Ցեղասպանության զոհերի հուշարձան դրա լավագույնն ապացույցը կլինի»: Թուրքագետը նաև հավելեց, որ այս ելույթն արտաքին քաղաքականության ոլորտում լուրջ մտածված էր: Թուրքագետ Լևոն Հովսեփյանը դրական է վերաբերվում նաև Սերժ Սարգսյանի՝ թուրք ժողովրդի մեջ թշնամի չտեսնելու փաստին. «Թշնամանք չենք տեսնում՝ նկատի ունի թուրք ժողովրդին։ Այն ավելի շատ ուղղված է պաշտոնական Անկարայի քաղաքականությանը»,-ընդգծեց թուրքագետը: Թուրքագետը նաև հավելեց, որ 2010 թվականից այս կողմ հայ-թուրքական հարաբերություններում էական փոփոխություններ չկան: