Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ է տվել դպրոցը 25000 շրջանավարտին (տեսանյութ)

Հասարակություն
zang4

Մի քիչ հուզված, բայց միաժամանակ ժպիտով մոտ 25000 աշակերտ այսօր հրաժեշտ է տալիս դպրոցին եւ մուտք գործում նոր կյանք: Առջեւում ընդունելության քննություններն են, բոլորը, առանց բացառության, առաջին հերթին մտածում են հենց այս մասին։ Վստահ են իրենց ուժերին, կարծում են 12 տարվա ընթացքում ձեռք են բերել անհրաժեշտ գիտելիքներ: Աշակերտներից ոչ պակաս այսօր հուզված էին նաեւ նրանց ծնողներն ու ուսուցիչները: Նրանք նույնպես համոզված են, իրենց սաներն ու երեխաները դպրոցից հեռանում են գիտելիքների մեծ պաշարով։ Չեն կիսում այն տեսակետը, թե խորհրդային տարիների համեմատ դպրոցը կորցրել է իր դերը: Այսօր վաղ առավոտից դպրոցում էր նաեւ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ոչ որպես պետական պաշտոնյա, այլ՝ ծնող։ ՀՀԿ- ական պատգամավորի տղան այսօր ավարտվում էր դպրոցը։ Տիկին Նաղդալյանը վերհիշեց իր դպրոցական տարիները ու զուգահեռներ անցկացրեց. «Այսօր դպրոցը իր որակով, իր ժամանակակից մտածողությամբ, շատ տարբեր է մեր դպրոցից, բայց վստահ եմ, որ այսօրվա երեխաները նույնպես բավական զինված ու պատրաստված են»։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նույնպես այսօր տոնական տրամադրությամբ ու խորհրդանշական զանգերով մասնակցեցին վերջին զանգին ոչ միայն որպես հանդիսատես: Նրանք վալս պարեցին աշակերտների հետ։ Այս օրը հանրապետությունում մեկնարկեց բարձր տրամադրությամբ: Տոնն ավարտին հասցնելու համար ոստիկանությունը կոչով դիմել է ծնողներին եւ ուսուցիչներին՝ այսօր ավելի զգոն լինելու համար, հատկապես տղաներին ավտոմեքենաներ չտրամադրելու խնդրանքով։ Կոչ- խնդրանքին հետեւեցին ոչ բոլորը։ Արդեն կեսօրին եղան օրինազանց շրջանավարտներ, որոնց մեքենաները հայտնվեցին տուգանային հրապարկում։