Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՐՅՈՒՍԵԼՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ

Պաշտոնական

Բրյուսելում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ս.թ. ապրիլի 27-ին հանդիպումներ ունեցավ Եվրոպական Խորհրդի Գլխավոր քարտուղար, Արտաքին եւ անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Խավիեր Սոլանայի, Եվրոպական Հանձնաժողովի (ԵՀ) արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդների, ԵՀ ընդլայնման հարցով հանձնակատար Օլի Ռեհնի հետ:

Եվրոպական Խորհրդի Գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի հետ հանդիպմանը զրուցակիցները դրական գնահատեցին ԵՄ-ՀՀ համագործակցությունը:

Զրուցակիցները հանգամանորեն անդրադարձան Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորմանը` քննարկելով Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների բելգրադյան փուլի արդյունքները: Նախարար Օսկանյանը նշեց, որ ադրբեջանական կողմի քաղաքական կամքի ձեւավորման դեպքում հնարավոր է առաջիկայում գրանցել առաջընթաց:

Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդների հետ նախարար Օսկանյանը քննարկեց ԵՄ-Հայաստան գործողությունների ծրագրի իրականացման հետ առնչվող հարցեր:

Հանդիպման սկզբում Բենիտա Ֆեռերո-Վալդները գոհունակություն հայտնեց ԳԾ իրագործման Հայաստանի ներգրավվածությամբ եւ նշեց, որ ԵՀ սպասում է Հայաստանի կողմից ԳԾ առաջնայնությունների ներկայացմանը:

Նախարար Օսկանյանը տեղեկացրեց հայաստանյան շահագրգիռ գերատեսչություններում այս ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին` նշելով ՀՀ մտադրությունը ծրագրի հնարավորինս արդյունավետ ձեւով իրականացմանը:

Այնուհետեւ կողմերը քննարկեցին Հարավային Կովկասի երկրներին վերաբերող հարցեր, մասնավորապես տարածաշրջանային համագործակցության համար նպաստավոր մթնոլորտի ձեւավորման անհրաժեշտությունը: Այս կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարարը կարեւորեց Կարս-Ախալքալաք երկաթգծի կառուցման ծրագրի դեմ ԵՀ հստակ դիրքորոշման հնչեցումը:

ԵՀ արտաքին հարաբերությունների հանձնակատարն անդրադարձավ Հայաստանում առաջիկա ընտրություններին: Նա գոհունակություն արտահայտեց Եվրոպական խորհրդարանի դիտորդական առաքելության աշխատանքների համար Հայաստանում ստեղծված բարենպաստ պայմանների կապակցությամբ: Ընդգծվեց ազատ եւ արդար ընտրությունների կարեւորությունը Հայաստանի եվրաինտեգրման հետագա խորացման համար:

Հանդիպման վերջին Բ. Ֆեռերո-Վալդները տեղեկացրեց ս.թ. սեպտեմբերի 3-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ-ԵՀՔ գործընկեր երկրների արտգործնախարարների խորհրդաժողով կազմակերպելու ԵՀ նախաձեռնության մասին, հրավիրելով ՀՀ ԱԳ նախարարին մասնակցելու խորհրդաժողովին:

ԵՀ ընդլայնման հարցերով հանձնակատար. Օլի Ռեհնի հետ հանդիպմանը կողմերը քննարկեցին տարածրջանային հարցեր: Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակի մասին նախարար Օսկանյանը կարեւորեց հայ-թուրքական սահմանի բացումն ու Թուրքիայի քրեական օրենսգրքից 301-րդ հոդվածի վերացումը: Նա նաեւ տեղեկացրեց, որ վերջերս որեւէ առաջընթաց չի նկատվել հայ-թուրքական հարաբերություններում:

Օլի Ռեհնը իր հերթին ներկայացրեց Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցության ընթացքը եւ ԵՀ դիրքորոշումը այդ հարցում:

Ապրիլի 27-29-ը նախարարը ներկա կլինի «Բրյուսել ֆորում 2007»-ին եւ կմասնակցի «Բալթիկ ծովից մինչեւ առավել ընդարձակ Սեւ ծով. նոր եվրաատլանտյան մարտահրավեր» թեմայով քննարկմանը: