ԱԻ նախարար Ֆ․ Ցոլակյանն ընդունեց Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին (video)
Support A1+!Օգոստոսի 14-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:
Բարիդրացիական և բարեկամական մթնոլորտում քննարկվեցին երկու երկրների կառավարությունների միջև 1997 թ. մայիսի 3-ին ստորագրված «Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման ու հետևանքների վերացման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակում համագործակցության ակտիվացմանը և զարգացմանը վերաբերող հարցեր:
Համաձայնագրով նախատեսվում է արտակարգ իրավիճակների կանխման ու դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցների կատարելագործում և համատեղ միջոցառումների իրականացում, տեղեկատվության օպերատիվ փոխանակում, փոխադարձ օգնություն և այլ հարցեր:
Նախարար Ցոլակյանը ցանկություն հայտնեց հանդիպել վրացի գործընկերոջը և գործող համաձայնագրի հիմքով ստորագրել փաստաթուղթ երկու գերատեսչությունների միջև:
Դեսպան Գիորգի Սագանելիձեն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հավաստեց վրաց ժողովրդի և կառավարության բարիդրացիական վերաբերմունքը մեր երկրի և ժողովրդի նկատմամբ և հույս հայտնեց, որ այսուհետ ևս մեր ժողովուրդների հարաբերությունները կշարունակեն լինել բարեկամական: