Մենք ունենք ուժեղ երկիր և հաջողակ Սփյուռք. հավատում եմ, որ միասնաբար շատ հզոր կլինենք. Ա. Սարգսյան (video)
Support A1+!Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տեսակապով մասնակցել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կողմից անցկացվող «Հայաստանն ու աշխարհը. կառուցելով կայուն ապագա» միջազգային ամառային առցանց դպրոցի առաջին դասին:
Ամառային դպրոցի մասնակիցներն ուսանողներ են, երիտասարդ գիտնականներ և մասնագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից, ինչպես հայեր, այնպես էլ օտարազգիներ: Դասընթացների շրջանակում, որոնք սկսվել են հուլիսի 27-ից և կավարտվեն օգոստոսի 12-ին, մասնակիցները դասախոսությունների միջոցով կծանոթանան Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին, համապարփակ տեղեկատվություն կստանան ընթացիկ գործընթացների վերաբերյալ, կքննարկեն Հայաստանի տեղն ու դերն արագ փոփոխվող աշխարհում:
Տեսակապի ընթացքում ամառային դպրոցի մասնակիցները հարցեր են ուղղել Հանրապետության նախագահին: Մասնավորապես, պատասխանելով խորհրդարանական կառավարմամբ պետության մեջ երկրի նախագահի դերին վերաբերող հարցին՝ Արմեն Սարգսյանն ասել է. «Երբեմն մարդկանց ակնկալիքները շատ մեծ են և անիրատեսական, քանի որ Սահմանադրությունը և խորհրդարանական հանրապետության ձևաչափը նախագահին թույլ չեն տալիս այդ ակնկալիքները կյանքի կոչել, իսկ նախագահն անձամբ անհրաժեշտ գործիքներ չունի:
Երկու տարի նախագահելու ընթացքում իմ գործողություններից մեկը եղել է մարդկանց բացատրել, որ խորհրդարանական երկրում պետք է իրատեսական ակնկալիքներ ունենալ նախագահական ինստիտուտից, և երբեմն էլ ուղղորդել՝ ինչ ակնկալել և ինչ անել: Նախագահության իմ պատկերացումները ներառում են ակտիվ գործունեություն ծավալելը՝ սակայն ամբողջությամբ պահպանելով սահմանադրական սահմանափակումները: Նախագահական գործիքները կամ պարտականությունները բավական սահմանափակ են: Այդուհանդերձ, նույնիսկ նման սահմանափակ գործիքակազմով կան հնարավորություններ, որ մենք կարող ենք օգտագործել: Մենք դրանցից մի քանիսն օգտագործում ենք նախագահական նախաձեռնությունների տեսքով: Դրանք չեն հակասում կամ հակադրվում կառավարության գործունեությանը և ծրագրերին, դրանք ուղեցույցներ են, թե ուր պետք է գնանք:
Օրինակներից մեկը «Հայ պարկ» նախագիծն է, որի մասին ամիսներ առաջ հայտարարվեց։ Երևանում՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հարակից հատվածում, շուրջ 100 հեկտար տարածք կա, իմ առաջարկն է բարեկարգել այն և վերածել այգու։ Այդ այգին պետք է մի քանի իմաստ ունենա, որոնցից մեկը հիշողության այգի լինելն է։ Մեծ այգին ներառելու է փոքր այգիներ, որոնք պետք է ներկայացնեն Հայաստանի կորուսյալ շրջանները պատմական Արևմտյան Հայաստանում։ Այգու երկրորդ մասը պետք է ներկայացնի հայկական Սփյուռքը։ Իսկ երրորդ մասը պետք է խորհրդանշի ներկայիս Հայաստանը։
Իրականում սա մի գաղափար է, որը նպատակ ունի համախմբել բոլորին։ Սա պետք է լինի հայկական միասնության այգի։ Սա չի լինելու մի այգի, որտեղ պետք է լինեն սրճարաններ կամ ռեստորաններ։ Նախ և առաջ, մեր երկիրը նման այգու կարիքն ունի որպես մաքուր օդի աղբյուրի։ Այգին կարող է դառնալ Հայաստանի քաղաքացիների և նրանց հյուրերի համար երեկոյան գեղեցիկ հավաքատեղի։ Սա նախագահական նախաձեռնություն է, որը միտված է ազգային միասնությանը»։
Նախագահն, ի պատասխան հնչած հարցերից մեկի, կարևորել է ազգային միասնականությունը։ «Մենք պետք է մեր հույսը դնենք մեր ուժի վրա,-ասել է նախագահ Սարգսյանը։ -Մենք ունենք ուժեղ երկիր, և հաջողակ ու միասնական Սփյուռք։ Ես հավատում եմ, որ միասնաբար մենք շատ հզոր կլինենք»։
Նախագահը նշել է, որ պետք է արդյունավետ օգտագործենք այն փաստը, որ արտերկրում շատ հայեր են ապրում: «Մեր խնդիրն այդ հնարավորությունն առավելագույնս օգտագործելն է, Հայաստանն ավելի ապահով և ուժեղ դարձնելը»,-ասել է նախագահը:
Հարց ու պատասխանի շրջանակում խոսելով սահմանային լարվածության մասին՝ Հանրապետության նախագահը կրկին ընդգծել է. «Այս պայմաններում, երբ ամբողջ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի դեմ, մեր հարևանները որոշում են ռազմական գործողություններ ձեռնարկել, սա անմարդկային է: Իրականությունն այն է, որ Ադրբեջանն է սկսել այդ հակամարտությունը սահմանին, և իրականությունն այն է, որ հայկական զինված ուժերը ցույց են տվել, որ տարածաշրջանի ամենահզոր բանակն են»։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է այդքան երկար ժամանակ հատկացնում երիտասարդներին և ինչու է կարևորում նման քննարկումները՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Կարծում եմ՝ չնայած շատ հին ազգ ենք, բայց մենք նաև շատ երիտասարդ ենք: Այս քաղաքը ևս երիտասարդ է: Այն ավելի քան 2800 տարեկան է, բայց՝ շատ երիտասարդ: Սա նաև քաղաք է, որտեղ յուրաքանչյուր օտարերկրացի կարող է տեսնել դրա կենսունակությունը: Հայաստանը ստարտափներ ստեղծելու առումով աշխարհում առաջատար երկրներից մեկն է, քանի որ մենք երիտասարդ ազգ ենք: Ես ինքս ինձ համարում եմ երիտասարդ նախագահ: Իմ խորհուրդն է ձեզ՝ երբ դատողություն եք անում, թե ով է երիտասարդ կամ ծեր, ապա երբեք մի հենվեք նրա ապրած տարիների քանակի վրա: Երիտասարդ լինելը կապված է նրա հետ, թե որքան երիտասարդ է ձեր ոգին, ուղեղը, մտածելակերպը: Երիտասարդ են այն մարդիկ, որոնք պատրաստ են ամեն օր սովորել: