Open news feed Close news feed
A A
Video

ԱԱՏՄ ուժեղացված անակնկալ ստուգայցերը Դավթաշենում (video)

Երևանի Դավթաշեն վարչական շրջանում այսօրվա ստուգայցի արդյունքում որևէ տնտեսավարողի կասեցման միջնորդություն չի ներկայացվի պարետին․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցն այսօր կրկին այս վարչական շրջանում էր՝ տնտեսավարողների կողմից անվտանգության կանոնների պահպանումը դիտարկելու նպատակով։
ԱԱՏՄ մասնագիտական թիմն արձանագրել է, որ նախորդած իրազեկման, մշտադիտարկման, և ինչու ոչ, նաև կասեցման աշխատանքները հանգեցրել են տնտեսավարողների կողմից պարետի սահմանած նորմերն առավել բարեխղճորեն և ճշգրիտ պահպանելուն։
Մարզերում և մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում դիտարկումները շարունակական են․ դրանց արդյունքները ևս լավատեսական են՝ խախտումները զգալիորեն նվազել են։ Դա է փաստում նաև արձանագրված խախտումների հիմքով պարետին ներկայացվող՝ տնտեսավարողների կասեցման միջնորդությունների թվի նվազումը։
Ցավոք, սակայն, դեռ կան նաև կրկնախախտման դեպքեր, երբ ստուգայցից հետո ԱԱՏՄ «Թեժ գծով» ահազանգ է ստացվում, որ կասեցումից հետո շարունակում են որոշ նորմեր չպահպանվել։ Այսօրինակ դեպքերում առավել խիստ մոտեցում է կիրառվում՝ 24 ժամի փոխարեն գործունեության արգելքի 48 և 72 ժամյա կասեցումներ։
Արձանագրվող ամենալուրջ խախտումներն առնչվում են տնտեսավարողների մոտ դիմակ չկրելուն կամ պատշաճ չկրելուն, ախտահանման թերություններին, մարդկային կուտակումներին, դրանց չկառավարմանը, ջերմաչափմանը, փակվող աղբամանների առկայությանը և այլն։
Ատամնաբուժարաններում խախտումներն առավելապես վերաբերում են մանրէազերծման, նախամանրէազերծման, բժշկական թափոնների վերացման գործընթացներին։
ԱԱՏՄ-ն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ մեծաթիվ են խախտումները նաև գեղեցկության սրահներում․ այստեղ կանոնների չպահպանումը ռիսկային է հատկապես այն առումով, որ հաճախորդն ու աշխատողը միմյանցից շատ փոքր հեռավորության վրա են գտնվում, ինչը վարակվելու հավանական ռիսկը մեծացնում է։
Խախտումներ թույլ տված տնտեսավարողների գործունեության ժամանակավոր կասեցման միջնորդություն է ներկայացվում ՀՀ պարետին։ Անվտանգության կանոնների պահպանումն այլընտրանք չունի, այլապես կհետևեն վարչական պատասխանատվության միջոցներ։