Արարատ Միրզոյանը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի ԱԺ նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանի հետ (video)
Support A1+!Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը հանդիպել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանի հետ:
Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր գործընկերոջը չափազանց կարեւոր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ հաջողություն ցանկացել: Նա իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու արցախցի գործընկերներին իրենց գործունեության բոլոր ոլորտներում: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը վստահություն է հայտնել, որ Արցախի` վեցերորդ գումարման Ազգային ժողովի հետ գոյություն ունեցած սերտ համագործակցությունն էլ ավելի է զարգանալու:
Արթուր Թովմասյանը, ողջունելով իր պաշտոնակցին, նշել է, որ երկու խորհրդարանները մեծ աշխատանք ունեն կատարելու հայ ժողովրդի ընդհանուր օրակարգի` այդ թվում Արցախյան հիմնախնդրի եւ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Արցախի օրենսդիր մարմնի ղեկավարը հավաստիացրել է, որ պահպանելու եւ զարգացնելու են կապերը ՀՀ Ազգային ժողովի հետ: Նա պատրաստակամություն է հայտնել նոր թափ հաղորդելու երկու խորհրդարանների աշխատանքին նաեւ հանձնաժողովների մակարդակում:
Զրուցակիցների քննարկումը շարունակվել է արդեն ընդլայնված կազմով: