Open news feed Close news feed
A A
Video Politics Official

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը (video)

Հայաստանի, Արցախի և Սփյուռքի սիրելի՛ հայրենակիցներ,

Կորոնավիրուսի համավարակի հաղթահարման պայքարը շարունակվում է։ Մենք ապրում և աշխատում ենք արտակարգ դրության պայմաններում: Այդ պայմանները երբեմն կարող են խիստ թվալ:

Սակայն բոլորս պետք է գիտակցենք, որ ձեռնարկվող գործողություններն անհրաժեշտ են:

Անհրաժեշտ են կյանքեր փրկելու և ձեզնից յուրաքանչյուրի առողջության պահպանման եւ պաշտպանության համար:

Սա պայքար է անտեսանելի թշնամու դեմ: Պետք է գիտակցենք, որ ցանկացած դժվարություն ժամանակավոր է ու հաղթահարելի:

Պատմությունը մեզ սովորեցրել է չընկճվել և հաղթահարել դժվարությունները: Հիշենք, որ անցել ենք բնության արհավիրքի՝ Սպիտակի երկրաշարժի միջով: Ապրել ու աշխատել ենք պատերազմական ծանր տարիներին: Հաղթել ենք արցախյան գոյամարտում, կառուցել մեր նոր, անկախ հայրենիքը...

Կորոնավիրուսի դեմ պայքարում ևս հանգուցալուծումը կախված է մեզնից՝

թե որքան միասնական, համախմբված, պատասխանատու, կազմակերպված և կարգապահ ենք...

Սիրելի՛ բարեկամներ,

Այսօրվա պայքարում առավել զգայուն խմբում մեր տարեցները և խոցելի առողջություն ունեցող քաղաքացիներն են:

Իմ բոլոր մտքերը և զգացմունքները, վստահ եմ, նաև ձեր մտքերը և զգացմունքները առաջին հերթին նրանց մասին և նրանց հետ են:

Սեր ու հոգատարություն է պետք նրանց նկատմամբ։

Մեր ջանքերը պետք է ուղղված լինեն նրանց պաշտպանելուն...

Խորապես հասկանում եմ, որ դժվարին իրավիճակ է հատկապես սոցիալապես խոցելի և անապահով մեր հայրենակիցների համար։

Ես հասկանում եմ, որ ձեռնարկվող քայլերը դեռևս հիմնովին չեն փոխում ձեր վիճակը:

Պետության աջակցությունից բացի շատ կարևոր է միմյանց սատարելը:

Օգնենք հարևանին, ծանոթին ու անծանոթին, նրանց, ովքեր այսօր դրա կարիքը ունեն:

Մենք այսօր խուսափում ենք ձեռքով բարևել:

Սակայն երբե՛ք, երբե՛ք չպետք է դադարենք օգնության ձեռք մեկնել միմյանց:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհակալ եմ այս օրերին ձեր համբերության ու ըմբռնման համար:

Շնորհակալ եմ նաև արտակարգ դրությանը պատասխանատվությամբ արձագանքելու համար:

Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել մեր նորօրյա հերոսներին՝ առողջապահության համակարգի բոլոր աշխատակիցներին՝ բժշկից ու բուժքրոջից մինչև շտապօգնության մեքենայի վարորդ։

Նրանք այսօրվա պայքարի առաջին գծում են:

Կարծում եմ՝ յուրաքանչյուրս այս օրերին նորովի գնահատեց նրանց անձնուրաց աշխատանքը...

Շնորհակալ եմ այն կամավոր ուսանողներին և դասախոսներին, ովքեր այս պահին հիվանդների կողքին են:

Շնորհակալ եմ պետական համակարգի ծառայողներին՝ ոստիկանից, զինվորականից մինչև փրկարար ու դիվանագետ, որոնք այս ծանր պայմաններում շարունակում են պատվով կատարել իրենց պարտականությունները:

Շնորհակալ եմ ուսուցչին և հեռավար սովորող ուսանողին, խանութի գանձապահին ու հավաքարարին, տաքսու վարորդին, բոլորին, ովքեր այս օրերին իրենց աշխատանքով կիսում են պետության և հասարակության ծանր բեռը:

Խնդրում եմ սերս և շնորհակալությունս փոխանցել մեր հասարակության կրտսեր, ամենասիրելի և ամենագնահատելի անդամներին՝ մեծ ու փոքր երեխաներին:

Նրանց համար նույնպես շատ դժվար է տանը նստել գարնանային այս օրերին:

Բայց հենց այդ սերունդն է վաղը հաղթահարելու ցանկացած այլ դժվարություն...

Շնորհակալությունս բոլոր այն ընտանիքներին, ովքեր մեկուսացած են իրենց տներում:

Շնորհակալ եմ բոլոր փոքր, միջին ու մեծ գործարարներին:

Նրանց վրա է հենվում երկրի տնտեսությունը, որը այս օրերին հսկայական ճնշման տակ է:

Գործարար-պետություն համագործակցությունը պետք է ամուր լինի։

Ներկա վիճակից պետք է դուրս գալ փոխըմռնման և փոխօգնության համատեղ ջանքերով։

Առանձնակի ցավ ու վիշտ եմ ապրում Հայաստանում և աշխարհի տարբեր անկյուններում մեր ժողովրդի զավակների կորստի համար:

Ցավակցում եմ նրանց ընտանիքներին ու հարազատներին։

Սիրելինե՛րս,

Կորոնավիրուսի թեստերից բացի մենք այսօր հայրենասիրության, պրոֆեսիոնալիզմի, մարդասիրության և բարոյականության թեստ ենք հանձնում:

Այդ թեստերի արդյունքներով պայմանավորված կլինի մեր վաղվա օրը:

Կորոնավիրուսը, վստահաբար, նահանջելու է։

Մենք կրկին անցնելու ենք բնականոն կյանքի:

Ես սպասում եմ այդ օրվան,

Երբ տատիկներն ու պապիկները նորից կգրկեն իրենց թոռնիկներին,

Երբ մայրիկները իրենց փոքրիկներին կտանեն մանկապարտեզ,

Երբ ուսանողները կշտապեն համալսարան, իսկ աշակերտները՝ դպրոց,

Երբ երիտասարդները սիրելիների և ընկերների հետ կլցնեն զբոսայգիները, փողոցները, սրճարանները, մեր գյուղերն ու քաղաքները:

Այդ օրը, վստահաբար, գալու է:

Սակայն մինչ այդ պետք է շարունակել լինել կարգապահ, պատասխանատու և կազմակերպված:

Եղե՛ք առողջ, եղե՛ք զգոն: Եղե՛ք հոգատար ու սրտացավ:

Աստված պահապան բոլորիս...