Արսեն Ջուլֆալակյանը արդարություն է պահանջում ԿԳՄՍ նախարարությունից (video)
Support A1+!Նախարարը խոստացել է շտկել անարդարությունը։
Ազգային ժողովում այսօր կայացած հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը, հետաքրքրվել է, արդյո՞ք կառավարությունը պատրաստվում է լրացուցիչ պարգևավճարներ տրամադրել այն մարզիկներին, որոնց նվաճած օլիմպիական մեդալները փոխվել են, քանի որ Միջազգային օլիմպիական կոմիտեն որակազրկել է նրանց մրցակիցներին խթանիչներ օգտագործելու համար։
Խոսքը վերաբերում է ծանրորդներ Տիգրան Վարդանի Մարտիրոսյանին ու Սիմոն Մարտիրոսյանին։ Առաջինը 2008թ նվաճել է բրոնզե մեդալ, սակայն ութ տարի անց ՄՕԿ-ի կողմից հռչակվել է փոխչեմպիոն։
Սիմոն Մարտիրոսյանը 2016թ Ռիոյի խաղերում դարձել էր արծաթե մեդալակիր, սակայն անցած տարի նա ճանաչվել է հաղթող, քանի որ օլիմպիական չեմպիոնի վերջնական դոպինգ ստուգումը դրական արդյունք է տվել։
«Սիմոն Մարտիոսյանի դեպքում, եթե չեմ սխալվում, դեռ վերջնական որոշում չկա, և մենք կսպասենք այդ որոշմանը։ Երբ լինի նման որոշում, այդ անարդարությունը կվերականգնենք։ Վստահաբար, այն գումարը, որը հաստատել է պետությունը, պետք է վճարվի», - պատասխանեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
Արսեն Ջուլֆալակյանն արձագանքելով նախարարին՝ ասաց, որ Սիմոն Մարտիրոսյանի ոսկե մեդալի հանձնումը կարելի է կազմակերպել հենց օլիմպիական խաղերի ժամանակ, որը կայանալու է Տոկիոյում, իսկ Տիգրան Մարտիրոսյանը պրոֆեսիոնալ սպորտն ավարտելուց հետո մոռացության է մատնվել, ուստի պետք է շտկել նաև այդ բացթողումը։
Նշենք, որ պարգևավճարների տարբերությունը կազմում է 5-ական մլն դրամ (օլիմպիական չեմպիոնը պարգևատրվում է 20 մլն դրամով, արծաթե մեդալակիրը՝ 15 մլն-ով, բրոնզե մեդալակիրը՝ 10 մլն-ով)։