Open news feed Close news feed
A A
Video Official

Խորհրդակցություն փրկարար ծառայությունում (video)

Փետրվարի 17-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության հերթական խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:
ՀՀ ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչությունների պետերը տնօրենին զեկուցեցին ծառայության ընթացքում կատարած աշխատանքների, առաջացած հարցերի, ինչպես նաև՝ ՀՀ մարզերում ճանապարհների անցանելիության վերաբերյալ:
Ծառայության տնօրենը կրկին անդրադարձավ անձնակազմի ուսուցման հարցին և ընդգծեց դրա կարևորությունը: Կադրերի վարչությանը հանձնարարվեց կազմել Փրկարար ծառայության տնօրենի հրամանի նախագիծ ուսումնական տարվա կապակցությամբ: Կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց յուրաքանչյուր ամսվա վերջին Կադրերի վարչություն ներկայացնել հաջորդ ամսվա ուսումնական պարապմունքների գրաֆիկը:
Վ. Գաբրիելյանը նշեց, որ պետք է ուսումնասիրել նոր ինովացիոն մոտեցումները կապի ոլորտում և մի քանի տարվա համար ձևավորել տեսլական: Ծառայության կազմակերպման վարչությանը հանձնարարվեց ազդարարման համակարգի օպտիմալացման և առավել արդյունավետ ձևերի ներդրման ուղղությամբ ուսումնասիրություն իրականացնել և ներկայացնել առաջարկություններ՝ նորարարական մոտեցումները համակարգում ներդնելու համար:
Կադրերի և Փրկարարական ուժերի վարչություններին հանձնարարվեց պատրաստել հրամանի նախագիծ նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցների միջոցով ձևավորված համահավաք ջոկատների կազմի հայտարարման վերաբերյալ: Այդ ջոկատների անդամները կուսուցանվեն, կանցնեն համապատասխան վերապատրաստում և խոշոր դեպքերի և պատահարների ժամանակ, անհրաժեշտության դեպքում, կմասնակցեն փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքներին:
Վ. Գաբրիելյանը նշեց, որ Ծառայության կազմակերպման վարչությունը պատրաստել է մեթոդաբանությունը, թե ինչպես և ինչ բալային համակարգով պետք է գնահատվեն աշխատակիցների կատարված աշխատանքները՝ պարգևավճարներ ստանալու համար և հանձնարարեց այդ մշակված փաստաթղթային փաթեթն ուղարկել բոլոր ստորաբաժանումներին: Հանձնարարվեց առաջարկություններ ներկայացնել այդ փաթեթի վերաբերյալ՝ աշխատաանքի գնահատման բալային համակարգը վերջնական ձևավորելու նպատակով:
Անդրադարձ կատարվեց հրդեհաշիջման աշխատանքների վերլուծությանը: Ծառայության տնօրենը շեշտեց, որ Փրկարար ծառայության բոլոր մակարդակի ղեկավարները պետք է շատ լավ տիրապետեն հրդեհաշիջման աշխատանքների վերլուծության մեթոդաբանությանը և առաջարկեց Փրկարար ծառայության տնօրենի ուսումնական խմբի հերթական պարապմունքը նվիրել հրդեհաշիջման աշխատանքների վերլուծության մեթոդաբանության ուսուցման և դրա հետ կապված այլ խնդիրների քննարկմանը:
Ծառայության տնօրենը շեշտեց, որ հրդեհաշիջման աշխատանքների վերլուծությանը պետք է շատ լավ տիրապետի նաև ներքին վերահսկողության բաժինը:
Հանձնարարվեց պլանավորել, ճիշտ կառավարել և միմյանց հետ համադրել գործուղումները՝ ֆինանսական միջոցները խնայելու և գործուղումները նպատակային օգտագործելու համար:
Շիրակի մարզի ստորաբաժանումների կենցաղային պայմանների բարելավման նպատակով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից Փրկարար ծառայությունը ստացել է կենցաղային գույք և հանդերձանք: Ծառայության տնօրենի կողմից հանձնարարվեց ստացված գույքը և հանդերձանքը բաժանել ամենախոցելի և կարիքավոր ստորաբաժանումներին:
Թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչությանը հանձնարարվեց ընդհանրացնել և ներկայացնել հրշեջ-փրկարարական ջոկատների շինություններում կատարված շինարարական աշխատանքների բաց մասերը՝ անհրաժեշտության դեպքում այդ աշխատանքները ավարտին հասցնելու նպատակով: