Open news feed Close news feed
A A
Video

Նախագահը մասնակցել է «Հավասարակշռելով ներքին և գլոբալ անհավասարությունը» թեմայով քննարկմանը (video)

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում որպես բանախոս մասնակցել է «Հավասարակշռելով ներքին և գլոբալ անհավասարությունը» թեմայով քննարկմանը:
Հայաստանի նախագահի հետ որպես բանախոս հանդես է եկել տնտեսագիտության նոբելյան մրցանակի դափնեկիր, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ժոզեֆ Ստիգլիցը: Նա եղել է ԱՄՆ նախագահ Բիլ Քլիթոնի տնտեսական խորհրդատուների խորհրդի նախագահը, Համաշխարհային բանկի ավագ փոխնախագահը և գլխավոր տնտեսագետը, մի շարք հետազոտությունների հեղինակ է։ Նրա վերջին գիրքը կոչվում է՝ «Անհավասարության գինը. ինչպես է այսօրվա բաժանված հասարակությունը վտանգում մեր ապագան»:
Հաշվի առնելով, որ համաժողովի՝ 2020-ի համաշխարհային ռիսկերի զեկույցում անհավասարությունը նշվում է որպես ռիսկի գլխավոր գործոն, քննարկվել է, թե ինչպես որոշում կայացնողները կարող են բարելավել հավասարակշռությունը ներքին քաղաքական առաջնահերթությունների ու գլոբալ տնտեսական իրավիճակի միջև։
Մինչ քննարկման մեկնարկը նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել պրոֆեսոր Ստիգլիցին իր կյանքում ունեցած դերակատարման համար, պարզաբանելով, որ 1996 թվականին որպես Հայաստանի վարչապետ պաշտոնավարելիս աղքատության հաղթահարման հարցում անհամաձայնություն է ունեցել Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ։ Ալբերտ Այնշտայնի, Վերներ Հայզենբերգի, Ռիչարդ Ֆեյնմանի նման տաղանդները փոխեցին ֆիզիկայի ընկալման փիլիսոփայությունը, այլ ոչ թե ստեղծեցին նոր բան։ Մեր շուրջը կատարվող մեծագույն հայտնագործություններում յուրաքանչյուրն իր մասնիկն ունի։ Ներկայիս սերունդն ապրում է երկու աշխարհներում՝ նյութական և վիրտուալ։ Մենք տարրական մասնիկներ ենք։
Ամենամեծ խնդիրներից մեկը, որն այսօր բոլորը քննարկում են, կապված է շրջակա միջավայրի հետ: Մեզանից յուրաքանչյուրը փոխկապակցված է ոչ միայն այն պարտքով, որը մենք ժառանգել ենք ԱՄՀ-ից կամ Համաշխարհային բանկից, այլ՝ նաև երկկողմ պարտքերով: Եկեք պատկերացնենք, որ կա մի մեծ երկիր, որը կարևորում է կլիմայական փոփոխությունները և համաձայն է ամեն տարի մեկ միլիարդ ԱՄՆ դոլար ներդնել կլիմայական փոփոխությունների բարելավման գործում. ծառեր է տնկում, արտադրությունն ավելի մաքուր է դարձնում և այլն: Եկեք նաև պատկերացնենք, որ կա ավելի փորք երկիր, որն ունի 5 հարյուր միլիոն ԱՄՆ դոլարի պարտք այս երկրին և պետք է ծառայություններ մատուցի նրան:
Պատկերացրեք նաև, որ կան երկու խելացի առաջնորդներ, որոնք համաձայնել են իրենց ջանքերը համատեղել և միջազգային հանրությանը համոզել են, որ ավելի փոքր երկրները այս պարտքի մի մասը կծախսեն իրենց երկիրն ավելի կանաչ դարձնելու վրա, հազարավոր, միլիոնավոր ծառեր կտնկեն և այդ վարկը կփոխանցեն ավելի մեծ երկրին, վերջինս էլ կկարողանա հաստատել, որ նրանք հարյուր միլիոնավոր դոլարներ են ներդրել «կանաչ պարտատոմսերում»: Գաղափարն այն է, թե ինչպես կկարողանանք Երկիր մոլորակն ավելի կանաչ և ավելի քիչ CO2-ով լցված դարձնել, թե ինչպես ազատվենք պարտքերից` ի նպաստ կլիմայի: Արդյունքում՝ ավելի փոքր երկիրն աշխարհի համար շատ օգտակար քայլ անելով ևս մեկ հնարավորություն կունենա վերցնել հինգ հարյուր միլիոն դոլար:
Մենք ապրում ենք անորոշ, անկանխատեսելի աշխարհում: Ես միշտ մտածել եմ, որ անորոշությունը հնարավորություն է ստեղծում: Հնարավորություններ են բացվում փոքր երկրների համար, քանի որ տեխնոլոգիական առումով մենք բոլորս սկսում ենք նույն մակարդակից: Հայաստանը փոքր երկիր է, որտեղ կան շատ գիտնականներ, ֆիզիկոսներ, մաթեմատիկոսներ, հիանալի կրթական համակարգեր ծրագրավորման ոլորտում։ Ամեն ինչ փոխվելու է, քանի որ ապագայում մեքենաշինության համար այլևս գործարաններ անհրաժեշտ չեն լինի: 5, 10, 15 տարի հետո, երբ դուք գնաք առևտրի կենտրոն, մինչև ձեր երեխայի համար սնունդ կգնեք, ձեր մեքենան պատրաստ կլինի: Ձեր մեքենան կունենա երեք հազար բաղադրիչ, այն կլինի էլեկտրական, որը ձեզ համար կպատրաստեն երկու ռոբոտ: Սա է իրականությունը:

Այստեղ մենք հանդիպում ենք այլ խնդիրների՝ տվյալների հետ կապված ռիսկեր, կարգավորումներ և այլն: Բայց եթե մենք գնում ենք ստարտափ ունենալու ուղղությամբ, ապա գաղափարն է դառնում ամենահզոր գործիքը: Իսկ ո՞րն է գաղափարը: Կարո՞ղ եք այն վաճառել, այն արժեք ունենալու՞ է, ապագայում կլինե՞ն արդյոք գաղափարների շուկաներ, կկարողանա՞նք դրանք կարգավորել:

Մենք մուտք ենք գործում նոր աշխարհ, և ես չեմ վախենում այդ փաստից: Կարծում եմ՝ այն արագությունը, որ մենք ունենալու ենք, կհանգեցնի նրան, որ չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը կլինի վերջինը, քանի որ այն շատ արագ տեղի կունենա: Չորրորդը, հինգերորդը, վեցերորդը կլինի մեր էվոլյուցիան, հեղափոխությունը, քանի որ մենք ապրելու ենք այս նոր աշխարհում և պետք է սկսենք ստանդարտներից դուրս մտածել:

Պետք է զուգահեռաբար զարգացնել բոլոր ոլորտները, պետք է զարգացնել զբոսաշրջությունը, մշակույթը, պետք է արտադրել և վաճառել ամեն ինչ։ Բայց այս ամենի հիմքում պետք է լինեն նոր տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը: Այս ամենի լավ օրինակներ կան Աֆրիկայում ևս․ նայեք Ռուանդային, որտեղ էլեկտրոնային կառավարման համակարգը մեծ փոխություններ է բերել:

Ես շատ լավատես եմ: Այս աշխարհն ամբողջովին տարբեր է լինելու, այն չի լինելու գործարանների երկիր, այլ՝ երիտասարդների աշխարհ է լինելու»: