Open news feed Close news feed
A A
Video Official

Դուք կարող եք վստահել Հայաստանին. բոլորիդ հրավիրում եմ Հայաստան Նախագահ (video)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 22-ին Լոնդոնում մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան գործընկերության (ԱլԳ) առաջին ներդրումային գագաթնաժողովին։ Արևելյան գործընկերության նախաձեռնության 10-ամյակի շրջանակում կազմակերպված այս գագաթնաժողովը միտված է ներդրողների ավելի մեծ ուշադրություն հրավիրելու Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի տարածաշրջաններին:

Մինչ գագաթնաժողովի բացումը Հայաստանի նախագահը գրառում է կատարել բանկի Պատվավոր հյուրերի գրքում։

Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՎԶԵԲ նախագահ Սումա Չակրաբարտին։ Նշելով, որ Արևելյան գործընկերությունը միավորում է Եվրամիությունն ու Եվրոպայի արևելքում և Կովկասում գտնվող վեց երկրների, և որ այս տարի նշվում է ԱլԳ հիմնադրման 10- ամյակը՝ նա ասել է, որ նախաձեռնության անդամ 6 երկրները միմյանցից շատ տարբեր են իրենց բնակչության թվով, տնտեսությամբ, քաղաքական կառուցվածքով, աշխարհաքաղաքական ու առևտրային ուղղվածությամբ: Առևտրի տեսանկյունից ԵՄ-ն նրանց բոլորի համար հիմնական գործընկերներից է: «ՎԶԵԲ-ը մշտապես նշում է, որ մենք երկարաժամկետ բարեկամներ ենք,-ասել է բանկի նախագահը։ - Արևելյան գործընկերության տարածաշրջանը հարուստ է և խոստումնալից ներդրողների համար: Տասնամյակներ շարունակված հաջող համագործակցությունից հետո այժմ ժամանակն է նայել առաջ: Մենք ՎԶԵԲ-ում հավատացած ենք, որ քաղաքականության հիմնական ուղղությունները պետք է լինեն լավ կառավարումը և օրենքի գերակայությունը»։

Ողջույնի խոսքով հանդես է եկել Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհաննես Հանը։ Նա նշել է, որ ԵՄ-ն աջակցել է Արևելյան գործընկերության երկրներին՝ կառուցելու կայուն տնտեսություն՝ կենտրոնանալով երեք ոլորտների վրա: «Առաջինը՝ մենք անցում ենք կատարել դեպի ավելի դինամիկ տնտեսություն՝ բարելավելով գործարար միջավայրը,-ասել է Յոհաննես Հանը: - Երկրորդը՝ մենք բարելավել ենք գործընկեր երկրների կարողությունը՝ օգտվելու ԵՄ և միմյանց հետ համագործակցության առավելություններից: Մենք նաև աջակցություն ենք ցուցաբերել գործընկեր երկրներին՝ հասնելու մակրոտնտեսական կայունության: Ես քաջալերում եմ ձեզ բոլորիդ՝ բիզնես հանրությանը, ինչպես նաև մյուսներին, շարունակել ներդրումներ կատարել այս տարածաշրջանում: Այստեղ մեծ ներուժ կա»: