Open news feed Close news feed
A A
Video Politics

Արարատ Միրզոյանը հանդիպել է Ղազախստանի Մաժլիսի նախագահի հետ (video)

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է աշխատանքային այցով եւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի միջոցառումների շրջանակներում Հայաստանում գտնվող Ղազախստանի հանրապետության Մաժլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինի հետ:
Արարատ Միրզոյանը, ողջունելով հյուրին, արձանագրել է, որ Հայաստանն ու Ղազախստանը վերջին շրջանում հաջողությամբ զարգացնում են հարաբերությունները տարբեր ոլորտներում եւ ընդգծել է, որ երկկողմ հարաբերություններում Հայաստանը շատ կարեւոր դեր է տալիս միջխորհրդարանական համագործակցությանը: Արարատ Միրզոյանը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովը կարեւորում է հարաբերությունների զարգացումը ինչպես երկկողմ ձեւաչափում, այնպես էլ միջազգային խորհրդարանական տարբեր կառույցներում: Նա նաեւ նշել է, որ ՀԱՊԿ խորհրդարանական Վեհաժողովը իր գոյության ընթացքում արդյունավետ հարթակ է դարձել կոլեկտիվ անվտանգության ոլորտում համագործակցության պայմանագրաիրավական դաշտի զարգաման եւ կատարելագործման համար եւ վստահ է, որ երկու երկրները կշարունակեն ջանքերը՝ խնդիրներին լուծումներ գտնելու համար:
Նուրլան Նիգմատուլինը բարձր է գնահատել Ղազախստանի հայ համայնքի դերը, որը մեծ ներդրում ունի իրենց երկրի տնտեսության, մշակույթի մեջ: Նա նշել է, որ սա իր առաջին այցն է Երեւան, տպավորված է ջերմ ընդունելությամբ եւ ցանկանում է շրջել Երեւանում, ծանոթանալ տեսարժան վայրերին: Ղազախստանի նախագահը նաեւ նշել է, որ երկու երկրները պետք է ամրապնդեն համագործակցությունը միջազգային հարթակներում եւս եւ կարեւորել է ինչպես պաշտոնական համագործակցությունը, այնպես էլ՝ միջանձնային: Նա վերահաստատել է նախկինում արած հրավերը եւ Արարատ Միրզոյանին պաշտոնական այցով հրավիրել Ղազախստան: