Open news feed Close news feed
A A
Video Interview Politics

Նաիրի Հունանյանը ցույց տվեց, որ ցինիզմը գագաթ չունի. Հոկտեմբերի 27-ի ականատեսը՝ նրա դիմումի մասին (video)

«Ցինիզմը, երբ գագաթ չունի»,- 1999թ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությանն ականատես Նարինե Դիլբարյանն այդպես է որակում ահաբեկչական խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանի դիմումը՝ ազատազրկման 20 տարին լրանալու հիմքով վաղաժամկետ ազատ արձակվելու վերաբերյալ։

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը ԱԺ նիստերի դահլիճում է եղել որպես «Ազգ» թերթի մեկնաբան, երբ ահաբեկիչները ներխուժել են։

Նրա գնահամամբ՝ Նաիրի Հունանյանը, 20 տարի անազատության մեջ գտնվելուց հետո, դեռ կարծում է, որ ունի իրավունք, որ այդպիսի դիմում ներկայացնելու, երբ ակնհայտ է, եթե չլիներ այդ ահաբեկչությունը, Հայաստանն ուրիշ ճանապարհով կգնար, «Մարտի 1»-ն էլ չէր լինի։

«Հոկտեմբերի 27-ը պետական ահաբեկչական գործողություն էր, բայց ամենասարսափելին դա մեր ազգային անվտանգության համակարգի ահասարսուռ խոցելիության դրսեւորումներից էր,- ասում է նա,-Այդ ժամանակ ես հասկացա, որ ՀՀ-ը բացարձակ պաշտպանված չէ»։ Ըստ նրա՝ առ այսօր բազմաթիվ ինչու-ներ կան Հոկտեմբերի 27-ի հետ կապված։

Նարինե Դիլբարյանը ցավով արձանագրում է, որ չնայած ձախողման այդպիսի դաժան նախադեպին՝ 20 տարի անց մեր երկրում անվտանգության համակարգ դեռեւս ձեւավորված չէ. «Եկեք հիշենք, որտեղ են պատրաստվում Հայաստանի Հանրապետության ԱԱԾ մասնագետները՝ Ռուսաստանի համապատասխան կառույցներում։ Իսկ դրսի կառույցներում սովորած մասնագետը, իր կամքից անկախ, որոշակի ազդեցությունների ենթակա է»։

Նարինե Դիլբարյանը Նաիրի Հունանյանին շատ հաճախ է տեսել ԱԺ-ում։ Կարծում է՝ նրա «քաղաքական հավակնությունները շատ բարձր էին»։ Նա նաեւ հիշեցնում է, որ բազմաթիվ տեղեր նա սպառնացել է իշխանություններին, գտնվել է ԱԱԾ աշխատակիցների ուշադրության ներքո։
«Գուցե լուրջ չեն ընդունել նրա ասածները»,-այլ բացատրություն չգտնելով՝ ասում է Նարինե Դիլբարյանը։

Նա համոզված է, որ 27-ի ահաբեկչությունը ծրագրավորված էր, «որի մասին նույնիսկ գլխավոր դերակատարը հնարավոր է այնքան էլ լավ պատկերացում չի ունեցել»։

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը կիսում է տեսակետը, որ «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչությունը բացահայտված չէ. «Այն, որ կատարողները հայտնվեցին անազատության վայրերում, դա դեռ ոչինչ չի նշանակում։ Գործողությունը կարող է բացահայտված լինել, եթե այդ գործողությամբ շահագրգիռ բոլոր շահառուների շրջանակը բացահայտվի»,-ասում է Նարինե Դիլբարյանը ։

«Նախագծողները չբացահայտվեցին, իսկ բացահայտել կատարողներին պետք էլ չէր, որովհետեւ նրանք բաց էին գործում»,- ընդգծում է նա։



Մանրամասները տեսանյութում, որի ընթացքում Նարինե Դիլբարյանն անդրադառնում է հանրությանը հուզող նաեւ այլ հարցերի