Ինչպես են ավտոներկրողներն ստիպված շրջանցում «լկտի օրենքը» (video)
Support A1+!Քաղաքացի Կամո Մարությանը Հայաստանում մեքենաների առքուվաճառքով զբաղվելու պատճառով սրտի վիրահատության է ենթարկվել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը պատմեց, որ Կամո Մարությանը 2008-2012 թվականներին Հայաստան երկու մեքենա է ներկրել Ամերիկայից և օրենքի չիմացության պատճառով դարձել հարկային մարմինների զոհ. «Ըստ օրենքի` առաջին մեքենան ներկրելիս հատուկ հարկեր ներկրողները չեն վճարում, իսկ ահա երկրորդ մեքենայի դեպքում պետք է վճարվի ավելացված արժեքի հարկը: Քաղաքացին կատարել է օրենքով սահմանված վճարումները, սակայն ներկրած երկրորդ մեքենան վաճառելուց հետո հաշվետվություն չի ներկայացրել և չի կատարել համապատասխան վճարումները`օրենքի չիմացության պատճառով։ Հարկային մարմինները առանց նախօրոք ծանուցման Կամո Մարությանին կանչել են ոստիկանության բաժին և մեղադրել ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու մեջ` տուգանելով երեք միլիոն դրամ, որից հետո քաղաքացին առողջական խնդիրներ է ունեցել և ենթարկվել վիրահատության»: