Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վարչապետը՝ պետական հեղաշրջման փորձի մասին (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին, որը տեղի է ունենում Կապանում, լրագրողը հետաքրքվեց, թե ովքե՞ր են հեղաշրջման փորձ կատարողները եղել և արդյոք նրանք ձերբակալվա՞ծ են, որի մասին հունվարի 23-ին լրագրողների հետ զրույցում ասել էր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ բոլոր փորձերը կանխվել են և որևէ վտանգ այս պահին չկա։

Ի պատասխան՝ վարչապետն ասաց, որ Արմեն Գրիգորյանի հարցազրույցի դեպքում գործում է վերնագրի ընթերցում, երբ մարդիկ ոչ թե նյութն են կարդում, այլ միայն վերնագիրը։

«Արմեն Գրիգորյանը կոնկրետ այդպիսի հայտարարություն չի արել։ Նա տվել է ձևակերպումներ, որոնք լրագրողին այդպիսի եզրակացության են բերել։ Սրանք տարբեր բաներ են։ Կարևոր եմ համարում այդ հարցի պարզաբանումը, որովհետև պետական հեղաշրջում, պատերազմ և այս կարգի հասկացությունները ժամանակի ընթացքում շատ լուրջ փոփոխություններ են կրում։ Ժամանակակից աշխարհում հիբրիդային պատերազմ կա, որի իմաստն այն է, որ պատերազմ ընթանում է, բայց այդ պատերազմը ոչ մեկ չի նկատում, և իրականում պատերազմը այդ պարամետրերով չկա։ Եթե Արմեն Գրիգորյանի հայտարարությունը մկնաբանենք, կարող ենք մեկնաբանել որպես հիբրիդային ինչ-որ երևույթի նկարագրություն։ Եթե այդպես ձևակերպենք կարող ենք դա նաև անվանել հիբրիդային հեղաշրջման հիբրիդային նախապատրաստություններ և հիմա մենք կարող ենք դրա մասին խոսել, որովհետև այդ պրոցեսը վերջնականորեն պարտված ու ջախջախված է»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 10 միլիոնավոր դոլարներ են ծախսվում ՀՀ ղեկավարի և նրա ընտանիքի անդամների, բարձրաստիճան պաշտոնյանների հասցեին կեղծ տեղեկություններ տարածելու համար։

Ըստ վարչապետի՝ դա արվում է քրեական աշխարհի, տարբեր ուժերի, կոռումպացված դեմքերի միջոցով։ «Ինչո՞ւ է հեղաշրջում բառը այս պրոցեսի մեջ տեղավորվում, որովհետև այդ պրոցեսի մեջ հընթացս ներգրավվում են նաև գործող պաշտոնյաններ, որոնք լինելով իշխանության ներսում , գործում են ընդդեմ իշխանության»,- ասաց նա։

Ըստ վարչապետի՝ այդ ամենի մեջ ներգրավված են նաև նախկին պաշտոնյաները, դատական համակարգի որոշ ներկայացուցիչներ։

«Մի ժամանակ կար, որ ես մտածում էի՝ ողջ դատական համակարգն է ներգրավված այդ պրոցեսի մեջ, բայց ժամանակը ցույց տվեց, որ այդպես չէ, դատական համակարգի ընդամենը առանձին փոքր խմբեր։ Սահմանադրական դատարանի կոնկրետ պաշտոն օկուպացրած որոշ պաշտոնյաններ, որոնք փորձել են ՍԴ մյուս անդամներին ներգրավել այդ պրոցեսի մեջ։ Ուրախ եմ արձանագրել, որ ՍԴ անդամների 80 տոկոսը չի ներգրավվել այդ պրոցեսի մեջ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը, սակայն անուններ չհնչեցրեց։